Թուրքիան նախապատրաստվում է Հայաստանի՝ միջազգային հանրությունում իրավական պահանջներ ներկայացնելուն. Ռուբեն Սաֆրաստյան
Հայոց ցեղասպանության հատուցման խնդիրը ԳԱԱ-ում հետազոտելը ապացուցում է, որ խնդիրը հասունացել է ոչ միայն հասարակության շրջանում, այլ նաև գիտության ոլորտում․ «Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը» միջազգային գիտաժողովի ժամանակ այս մասին նշեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Հայաստանի Ազգային ակադեմիան, որտեղ կենտրոնացած է հայ ժողովրդի գիտական միտքը, իր վրա է վերցնում խնդրի ուսումնասիրումը»,- ասաց թուրքագետը՝ կարևորելով հատուցման խնդրի բարձրաձայնումը։
«Թուրքիան ոչ միայն կեղծում է պատմական ճշմարտությունը, այլ նաև շատ ագրեսիվ կերպով փորձում է իր այդ կեղծ մոտեցումները տարածել աշխարհով մեկ: Իսկ վերջին շրջանում մենք ականատես ենք լինում նոր Թուրքիայի ստեղծմանը, որը շատ ավելի ծավալապաշտ քաղաքականություն է վարում, մասնավորապես, Մերձավոր Արևելքում: Այսինքն՝ Թուրքիան իր էվոլյուցիայի ներկա փուլում շարունակում է այն քաղաքականությունը, որը որդեգրել էր հայ ժողովրդի նկատմամբ 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբին, որն ավարտվեց Հայոց ցեղասպանությամբ»,- ասաց թուրքագետը՝ մատնանշելով, որ Թուրքիան հիմա պատրաստվում է իր սահմաններից դուրս տարածել իր ագրեսիվ, ցեղասպան քաղաքականությունը:
Թուրքագետը հիշատակեց Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին հայտարարություններից, երբ վերջինս նշել էր, թե Թուրքիայի ներկայիս սահմաններն «անարդարացի» են, Թուրքիան պետք է ստեղծի իր սահմանները:
«Մենք տեսնում ենք, որ թուրքական բանակը գրավել, օկուպացրել է երկու երկրների տարածքներ՝ Իրաքի և Սիրիայի: Հող է նախապատրաստվում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության համար: Այս պայմաններում Հայոց ցեղասպանության հատուցման խնդիրը դառնում է չափազանց կարևոր: Այդ խնդիրը բարձրաձայնելով՝ կարող ենք աշխարհին մեկ անգամ ևս փորձել ցույց տալ, հասկացնել, թե ինչ պետության հետ գործ ունեն, և այդ պետությունն ինչ վտանգ է ներկայացնում Մերձավոր Արևելքի համար»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով՝Թուրքիան նախապատրաստվում է Հայաստանի՝ միջազգային հանրությունում իրավական պահանջներ ներկայացնելուն։ «Արդեն գիտական մակարդակով Հայաստանն իր պահանջները պետք է ներկայացնի միջազգային ատյաններում։ Այս նախապատրաստումը Թուրքիան սկսել է դեռևս 15 տարի առաջ, երբ 2001 թվականին ստեղծեցին հատուկ հանձնաժողով, որի նպատակն է պայքարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության և հատուցման խնդիրների դեմ: Բայց նաև նախապատրաստվում են նրան, որ հայերը միջազգային ատյաններով հանդես կգան հատուցման պահանջով, նախապատրաստվում են, իրենց կարծիքով, անխուսափելի պայքարի նրա համար, ինչ եղել է: Այս հանձնաժողովն ի պաշտոնե գլխավորում են երկրի փոխվարչապետը, նախարարներ, գիտնականներ, մասնագետներ, գաղտնի ծառայության աշխատակիցներ: Հանձնաժողովի աշխատանքները տեղի են ունենում իրենց անվտանգության խորհրդի համար կառուցված շենքում»,- ասաց թուրքագետը՝ նկատելով, որ Թուրքիայի համար մեծ նշանակություն ունի այս խնդիրը:
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ հատուցման խնդիրը բարձրաձայնելիս գործ ենք ունենում ոչ միայն թուրք, այլ նաև վարձված միջազգային գիտնականների հետ. բարձրացնելով հատուցման խնդիրը՝ մենք պետք է համախմբենք հայ ժողովրդի, համայն հայության մասնագիտական, ինտելեկտուալ ներուժը, պետք է կարողանանք ներգրավել մեր ժամանակների լավագույն միջազգայնագետներին, որոնք մասնագիտանում են այս խնդիրներով»,- ասաց Սաֆրաստյանը: