88-ամյա գերմանուհին դատապարտվել է ազատազրկման՝ Հոլոքոստը հերքելու համար
Գերմանիայի 88-ամյա բնակչուհի Ուրսուլա Հաֆերբեքը Հոլոքոստը հերքելու և ազգային ատելություն հրահրելու պատճառով դատապարտվել է 2,5 տարի ժամկետով ազատազրկման, հաղորդում է Spiegel-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ստորին Սաքսոնիա երկրամասի Ֆերդեն քաղաքում հրատարակվող «Ռայխի ձայն» (Stimme des Reiches) թերթի նյութերում Հաֆերբեքը բազմիցս հերքել է Հոլոքոստը: Դատարանում իր վերջին բառն ասելիս կինը հայտնել է, որ Աուշվիցը եղել է ոչ թե համակենտրոնացման, այլ աշխատանքային ճամբար, և այնտեղ մարդկանց չեն ոչնչացրել գազախցիկներում:
Կայքի հաղորդմամբ` սա առաջին ազատազրկումը չէ, որին դատապարտվել է Ուրսուլա Հաֆերբեքը: 2015 թվականի նոյեմբերին Համբուրգ քաղաքի դատարաններից մեկը դատապարտել է նրան 10 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ 2016 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին նա դատապարտվել է 8 և 11 ամսով բանտարկության՝ համապատասխանաբար:
Նշվում է, որ մեղադրյալը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը: Դատավճիռներից ոչ մեկը դեռ ուժի մեջ չի մտել:
Norddeutsche Rundfunk-ը գրում է, որ դատարանի դահլիճի դիմաց հավաքվել է Հաֆերբերգի աջ ծայրահեղական մոտ 50 աջակից, ինչպես նաև` նրանց հակառակորդ ցուցարարներ: Բազմաթիվ ոստիկաններ ստիպված են եղել հետևել, որպեսզի աջ ծայրահեղականները չխանգարեն դատի ընթացքը: Հակառակորդ ցուցարարները բռնել են «Ֆաշիզմը ոչ թե կարծիք է, այլ հանցագործություն» գրությամբ պաստառներ: