ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի ամռանը, իսկ վիզայի դյուրացման հարցով քննարկման ժամկետները պարզ չեն. Գերմանիայի դեսպան
Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են բավականին հաջող, իսկ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբեր մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Վերջին շրջանում համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են հաջող կերպով և հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին: Առհասարակ, այն փաստը, որ կնքվելու է նման համաձայնագիր, արդեն հաջողություն է: ՀՀ կառավարությունը ազդակ է հղում Եվրամիությանը, որ Հայաստանը ցանկանում է գնալ արդիականացման և բարեփոխումների ճանապարհով, և այդ ճանապարհին Եվրամիությունը կարևոր գործընկեր է: Ես համոզված եմ, որ Եվրամիությունն ու իր անդամ պետությունները շահագրգիռ են նոր ազդակներ հաղորդելու այս համագործակցությանն ու կնքվելիք համաձայնագրին»,- ասաց դեսպանը:
Հարցին, թե համաձայնագրի շուրջ բանակցություններն ի՞նչ փուլում են, Մաթիաս Քիսլերը պատասխանեց. «Բանակցությունների ամառային փուլից հետո զգալի առաջընթաց է գրանցվել։ Թե երբ կստորագրվի համաձայնագիրը, ոչինչ ասել չեմ կարող, սակայն ՀՀ կառավարության կողմից ազդակ կա, որ այն կստորագրվի հաջորդ տարվա ամռանը»:
Գերմանիայի դեսպանն առանձնացրեց վիզայի դյուրացման գործընթացը շրջանակային համաձայնագրից: Դեսպանի խոսքով՝ ինքը կիսում է ՀՀ քաղաքացիների մեծ ցանկությունը դյուրացված կարգով դեպի Եվրոպա մուտք ունենալու համար, սակայն դեռևս պարզ չէ, թե երբ կմեկնարկի ՀՀ-ի և Եվրամիության միջև վիզաների դյուրացման ընթացակարգի վերաբերյալ քննարկումը:
Բացի դրանից՝ դեսպանն ասաց, որ դրան հասնելու համար պետք է որոշակի նախապայմաններ բավարարել. «Որպես խորհուրդ, հենվելով նաև հարավարևելյան եվրոպական երկրների վրա, գոյություն ունեն որոշակի նախապայմաններ, որոնք պետք է իրականացնի երկիրը վիզայի դյուրացման ընթացակարգին անցնելու համար»:
Դիտարկմանը, թե Հայաստանը հետ է հարևան Վրաստանից, նկատի ունենալով, որ Վրաստանն այդ ուղղությամբ հստակ քայլեր է անում, դեսպանն ասաց, որ պետք է առանձին դիտարկել, թե ինչ դիրքորոշում ունեն այդ երկրները. «Անշուշտ, Վրաստանն այս հարցում առաջ է Հայաստանից, թեև դա կարող է խթան լինի Հայաստանի համար»: