«Որևէ խնդիր չունենք ՔԿՀ-ում հիգիենայի պայմաններն ապահովելու». ԱՆ փոխնախարարը Շիրխանյանի՝ 3 ամիս չլողանալու մասին
Նորք Մարաշ հանցախմբի գործով կալանավորված ՊՆ նախկին փոխնախարար
Վահան Շիրխանյանի փաստաբանը լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «Երևան -Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Շիրխանյանի վիճակն այնքան վատ է, որ նա 3 ամիս չի լողացել:
Ի պատասխան՝ արդարադատության նախարարությունը երեկ հայտարարեց, որ նախարարությունը 2016 թվականի նոյեմբերի 18-ին կատարել է բժշկական հավելյալ հետազոտություն, և բժշկական կոնսիլիումի արդյունքներով՝ Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման, այսինքն՝ հիվանդանոց տեղափոխվելու կարիք չունի:
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին այսօր Tert.am-ը հարց ուղղեց, թե արդյոք ակնհայտ մարդու իրավունքների խախտում չէ՞, երբ դատապարտյալը 3 ամիս չի կարողանում լողանալ:
«Շիրխանյանի դեպքում մենք հստակ պարզաբանում ենք տվել: Կարծում եմ՝ լրացուցիչ պարզաբանման կարիք չկա»,-հայտարարեց փոխնախարարը:
Մեր հստակեցմանը, թե լողանալու մասով նախարարությունը որևէ պարզաբանում չի տվել, ԱՆ փոխնախարարը պատասխանեց. «Մենք հստակ այդ մասով պարզաբանում տվել ենք, որ բոլոր խնդիրները լուծվել են, և էդ մասով, կարծում եմ, լրացուցիչ պարզաբանման կարիք չկա»:
Արդարադատության փոխնախարարը չպատասխանեց հարցին՝ Շիրխանյանն, ի վերջո, լոգանք ընդունել է, թե ոչ: Փոխարենը՝ Քրմոյանը հայտարարեց. «Մենք որևէ խնդիր չունենք քրեակատարողական հիմնարկում հիգիենայի պայմաններն ապահովելու, թե՛ «Երևան- Կենտրոնում», թե՛ մնացածում»:
Դիտարկմանը, թե մարդն ի վիճակի չէ գնալ բաղնիք և իրեն խնամակալ չի տրամադրվել, Քրմոյանը պատասխանեց. «Մենք ունենք բոլոր հնարավոր տարբերակները, նաև ունենք բուժակների ինստիտուտը: Ուզում եմ ասել՝ էդ մի քիչ շահարկումների խնդիր չդարձնենք: Եթե մենք խոսում ենք տարրական հիգիենայի պայմանների մասին, մենք նման խնդիր չունենք ՔԿՀ-ում: Եվ տաք ջրով ենք ապահովված, ավելին ասեմ՝ բոլոր ՔԿՀ-ներում արևային ջրատաքացուցիչներ ենք դրել»:
Հստակեցմանը, թե մարդն ի վիճակի չէ գնալ բաղնիք, Քրմոյանը պատասխանեց. «Դա բժշկական հարց է, խնամակալի ինստիտուտ չունենք: Մենք ունենք բուժակների ինստիտուտ, որոնք էդ խնդիրները լուծում են: Բուժակների ինստիտուտը կա ՔՀԿ-ում»: