Նոյեմբերի 26-ին ՀՀԿ համագումարն է, այն կուսակցության համար առանցքային է, չեն բացառվում ղեկավար կազմում փոփոխություններ. Էդուարդ Շարմազանով
Նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ն հրավիրելու է հերթական համագումարը. այս մասին ՀՀԿ ԳՄ հերթական նիստից հետո տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Այն նախընտրական բնույթ չի կրի, կկրի հաշվետու բնույթ, որից հետո մենք անմիջապես կսկսենք պատրաստվել պառլամենտական ընտրություններին: Համագումարը լինելու է հերթական, բայց առանցքային ՀՀԿ-ի համար, չեմ բացառում, որ փոփոխություններ լինեն ղեկավար կազմում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը չբացառեց նաև կուսակցության վերնախավի փոփոխությունը՝ նշելով, թե կուսակցությունը կենդանի մարմին է:
Շարմազանովը նշեց, որ նիստին, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել են առաջիկա ՏԻՄ ընտրություններին, կուսակցության թեկնածուների հաջողության շանսերին:
Անդրադառնալով կադրային հարցերին և պաշտպանության ու արտաքին գործերի դեռևս չնշանակված կամ չվերանշանակված նախարարների հարցին՝ Շարմազանովն ասաց, որ մինչև հոկտեմբերի 3-ը պարզ կդառնա։ Շարմազանովը չբացառեց նաև մարզպետների փոփոխության հարցը, բայց չմանրամասնեց՝ որ մարզպետն ումով կփոխարինվի։