Շարմազանովը չի բացառում, որ Կարեն Կարապետյանը և անկուսակցական նախարարներն անդամագրվեն ՀՀԿ-ին
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չբացառեց, որ անկուսակցական նորանշանակ վարչապետն ու նախարարներն անդամագրվեն Հանրապետական կուսակցությանը:
«Նոր նախարարները և վարչապետ Կարապետյանը մեր քաղաքական թիմի անդամներ են: Կլինեն նրանք ՀՀԿ կազմում, չեմ կարող ասել, բայց չեմ էլ բացառում»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շարմազանովը:
Ըստ նրա, ինչպես այս, այնպես էլ նախորդ կառավարությունների համար «Հանրապետականը» քաղաքական պատասխանատվություն է կրում:
Հարցին, թե արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ն տեսնում է այս պաշտոնում նաև խորհրդարանական ընտրություններից հետո՝ ՀՀԿ խոսնակը պատասխանեց, թե այստեղ կա 2 գործոն. «Նախ` ես չէ, որ պետք է նրան տեսնեմ պաշտոնում կամ չտեսնեմ, բացի այդ, այստեղ 2 քայլ կա. ՀՀԿ-ն ընտրություններին պետք է ստանա հանրության վստահության քվեն, ստանա իրավունք միանձնյա կամ գործընկերների հետ առաջադրելու վարչապետ, ապա կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կներկայացնի վարչապետի թեկնածուին»:
Անդրադառնալով Ազգային համաձայնության կառավարություն ստեղծելուն՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ իրենց համար ՀՀ-ում չկան թշնամիներ ու հակառակորդներ, կան ազնիվ մրցակիցներ, իրենք մրցապայքարի կողմնակիցներ են ու բարիկադներ էլ չեն դնում մյուս ուժերի ու իրենց միջև:
Ի դեպ, հարցին, թե ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում սպասվում է՝ Շարմազանովն ասաց, որ այս պահի դրությամբ ոչ մի հանդիպում չի նախատեսվում: