Տարածաշրջանային է ճգնաժամը, նավթի գների անկումը ազդել է Ռուսաստանի վրա, որն էլ իր հերթին՝ Հայաստանի վրա. ՎԶԵԲ ներկայացուցիչ
Այս տարի Հայաստանի տնտեսական աճը ավելի դանդաղ է, քիչ են բանկային հաճախորդները, հատկապես կորպորատիվ հատվածում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:
«Ֆինանսական հատվածում այս տարի մենք ավելի քիչ վարկավորում ենք կատարել:
Զգում ենք, որ տարածաշրջանային է ճգնաժամը, որ նավթի գների անկումը ազդել է հատկապես Ռուսաստանի վրա, որն էլ իր հերթին ազդել է Հայաստանի վրա»,- ասաց ՎԶԵԲ ներկայացուցիչը՝ հրաժարվելով խոսել նոր կառավարությունից ակնկալիքների մասին:
«Մենք սպասում ենք նոր կառավարության ծրագրին: Նրանք ասում են, որ ինչ-որ բան անելու են: Նախորդ կառավարությունը, ինչպես և նորը խոսում են մրցունակ պետության մասին, հասկանում են խնդիրները՝ կապված մոնոպոլիաների հետ և ինչպես է դա կապված պետական համակարգի հետ՝ հարկային ու մաքսային ծառայությունների, արդարադատության հետ, բայց դա շատ բարդ հարց է»,- ասաց Դեյվիսը:
Ըստ նրա՝ Հայաստանի տնտեսության հիմնական խոչընդոտը կոռուպցիան է պետական համակարգում:
«Մոնոպոլիան կապված է պետական համակարգի ու ամեն կառավարության ու խոշոր բիզնեսի, և միայն կառավարությունը կամքի դրսևորմամբ է հնարավոր այն վերացնել: Տնտեսության մեջ անարդար մրցակցության հարցը պետք է լուծվի»,-ասաց ՎԶԵԲ ներկայացուցիչը: