«Յուրաքանչյուր կառավարիչ պետք է երազ ունենա»,- ասել է վարչապետը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մի շարք հանձնարարականներ է տվել նորանշանակ նախարարներին:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարվել է ուսումնասիրել Սննդի անվտանգության պետական ծառայության հետ կապված դժգոհությունների հարցը եւ փորձել հասկանալ՝ տեսչությունը պետք է գործի նախարարության կազմո՞ւմ, թե՞ ոչ:
Վարչապետի հաջորդ հանձնարարականն ուղղված էր էկոնոմիկայի, ֆինանսների եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին՝ ուսումնասիրել բազմաթիվ տարիների ընթացքում սեփականաշնորհված գույքն ու ակտիվները, որոնք այսօր չեն աշխատում:
«Հանձնարարում եմ նախ եւ առաջ գույքագրել այդ ունեցվածքը, մշակել ու ներկայացնել չօգտագործվող անշարժ գույքի շահագործմանն ու խթանման ուղղված տնտեսական, իրավական կամ այլ մեխանիզմների ներդրման համակարգային առաջարկություններ։ Պետք է փորձենք մոտիվացնել սեփականատերերին, որպեսզի այդ գույքն աշխատի»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Անդրադառնալով գնումների ոլորտում առկա խնդիրներին՝ վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է քննարկել կենտրոնացված կարգը, գնումների կազմակերպման մեխանիզմի ներդրման հնարավորությունն ու ներկայացնել առաջարկ, թե որ ապրանքներն ու ծառայություներն են նպատակահարմար ձեռք բերել կենտրոնացված կարգով:
Միաժամանակ, բոլոր մարմիններին հանձնարարվել է վերանայել իրենց ոլորտներում ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունն ու ներկայացնել առաջարկություն՝ դրանց թվաքանակի կրճատման եւ օպտիմալացման վերաբերյալ:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների, մշակույթի եւ քաղաքաշինության նախարարներին էլ հանձնարարվել է մեկ շաբաթվա ընթացքում քննարկել իրենց ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երի լուծարման հարցն ու ներկայացնել առաջարկություններ:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ու ներկայացնել տարածքների զարգացման ռազմավարությանը համապատասխան առաջարկություններ, ինչպես նաեւ երեքշաբաթյա ժամկետում վերանայել ու լրամշակել համայնքային զարգացման հնգամյա ծրագիր եւ վերահսկելի պահանջներ դնել համայնքային զարգացման նկատմամբ:
«Յուրաքանչյուր բնակավայր, կառավարիչ պետք է ունենա հորիզոն, թե ինչ է ուզում, պիտի ունենա երազ, թե ինքն ինչ քաղաք ու գյուղ է պատկերացնում»,- ասել է Կարեն Կարապետյանը: