Լոզանի պայմանագիրը Թուրքիայի համար ոչ թե հաղթանակ էր, այլ՝ կորուստ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի համայնքապետերի հետ ժողովի ընթացքում հայտարարել է, որ Լոզանի պայմանագիրը Թուրքիայի համար ոչ թե հաղթանակ էր, այլ՝ կորուստ: Այս մասին գրում է թուրքական tr.sputniknews.com կայքը:
«Հուլիսի 15-ին Թուրքիան դիմակայեց հեղաշրջման փորձի, ահաբեկչական հարձակման և արտաքին օկուպացիայի միաժամանակ: Դա թուրք ժողովրդի երկրորդ «Փրկության պատերազմն» էր: Ոմանք փորձում են Լոզանի համաձայնագիրը մեզ ներկայացնել որպես հաղթանակ: Էգեյան ծովի կղզիները Լոզանի ժամանակ տվեցինք, դա հաղթանա՞կ է: Դրանից առաջացած խնդիրներն էլ այսօր մենք ենք մեր ուսերին տանում», - ասել է Էրդողանը:
Ի դեպ, երկրորդ «Փրկության պատերազմի» մասին հայտարարության համատեքստում որպես առաջին «Փրկության պատերազմ» Էրդողանը նկատի ունի Աթաթուրքի կողմից 1922-23թթ. ղեկավարած ազգայնական շարժումը, որը Թուրքիայի պաշտոնական պատմագրության մեջ նշվում է որպես իմպերիալիզմից և օտար օկուպացիայից փրկության պայքար և հիշատակվում «Փրկության պատերազմ» տերմինով:
1922-23թթ.-ի ազգայնական այդ շարժման ընթացքում Թուրքիայում իրականացվել է պոնտոսցի հույների ցեղասպանությունը, ինչպես նաև կոտորվել են Ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստան վերադարձած տասնյակ հազարավոր հայեր:
Նշենք, որ Լոզանի պայմանագիրը կնքվել է 1923 թվականի հուլիսի 24-ին և հանդիսանում է 8 ամիս տևած Լոզանի կոնֆերանսի հիմնական ավարտական փաստաթղթերից մեկը։ Լոզանի պայմանագրով պաշտոնապես հանգուցալուծեց Մերձավոր Արևելքում 1919-1922 թվականներին առկա հակամարտությունը, մասնավորապես՝ թուրք-հունական պատերազմը:
Թեև Հայաստանի Հանրապետությունը մաս չի կազմել Լոզանի պայմանագրին, հետևաբար, վերջինս ուղղակիորեն չի վերաբերում մեր երկրին, այնուամենայնիվ այն սերտորեն առնչվում է հայ ժողովրդին։
Լոզանի պայմանագրի ողջ Երրորդ բաժինը (հոդվածներ 37-45) վերաբերում է Թուրքիայի ոչ մահմեդական փոքրամասնություններին։ Ըստ պայմանագրում առկա կետերի՝ Թուրքիայում բոլոր քաղաքացիները պաշտոնապես համարվում են թուրք, իսկ հայերը, հույները, ասորիներն ու հրեաները գրանցվում են որպես կրոնական փոքրամասնություն:
Լոզանի պայմանագրի 3-րդ բաժնի 40-րդ կետի համաձայն՝ Թուրքիայի կրոնական փոքրամասնություններն իրավունք ունեն իրենց հաշվին ստեղծել համայնքային դպրոցներ, բարեգործական հիմնադրամներ և այլ հաստատություններ: Նույն բաժնի 42-րդ կետի համաձայն՝ Թուրքիայի կառավարությունը պարտավորվում է պաշտպանության տակ առնել կրոնական համայնքներին պատկանող եկեղեցիները, գերեզմանատները, սինագոգներն ու կրոնական փոքրամասնությւոններին պատկանող այլ հաստատություններ:
Թուրքիայի իշխանությունները մինչ օրս չեն կատարում այս պայմանագրում տեղ գտած և երկրի փոքրամասնություններին վերաբերող մի շարք կետեր: