Քառորդ դար ոչինչ չի փոխվել գյուղացու համար. Իգնատի Առաքելյան (տեսանյութ)
Նորանշանակ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այն կարծիքին է, որ գյուղացին չի կարող ինքնուրույն բիզնես գործունեություն ծավալել, որովհետև դրա համար դոնոր կազմակերպություններ են պետք:
Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ նախարարը:
«Բոլորը պետք է սկսեն մտածել, թե ինչպես անեն, որ գյուղատնտեսությունը զարգանա կամ հավելյալ եկամուտներ բերի, ոչ թե միայն օրվա հացի հարց լուծի: Ռազմավարական ծրագիր է մշակվում, որտեղ աջակցող ուղղություններ կլինեն: Մենք ծրագիր ենք մշակելու, գտնելու ենք դոնորներ, որոնք կօգնեն բիզնեսի զարգացմանը: Բնական է՝ այսօրվա իրավիճակում գյուղացին չի կարող ինքն իր բիզնեսով զբաղվել: Չկան ֆինանսական հնարավորություններ»,-ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե պատճառը թանկ վարկե՞րն են, ի՞նչ խնդիրներ կան, որ անկախությունից ի վեր քառորդ դար գյուղացին չի կարողանում բիզնեսով զբաղվել, Իգնատի Առաքելյանն ասաց, որ քառորդ դար ինչպես եղել է իրավիճակը, այնպես էլ մնացել է։
«Հիմա փորձում ենք զարգացնել, որովհետև քառորդ դարում ոչինչ չի փոխվել գյուղացու համար: Եթե գյուղացին համարում է , որ այսպես ավելի լավ է, այդկերպ կարելի է ապրել, բայց քանի որ գյուղացին մեզնից պահանջում է, իսկ մենք ելքեր ենք գտնում, որպեսզի գյուղացու պահանջները կատարվեն»,-ասաց նախարարը:
Հարցին, թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք Համաշխարհային բանկի աջակցության ծրագրեր էին իրականացվում, սակայն այդ ծրագրերը չեն օգնել, և գյուղացիները կրկին ճանապարհ են փակում, իսկ նորանշանակ նախարարը կրկին խոսում է թրեյնինգների մասին, Առաքելյանն ասաց, որ պարտադիր է շարունակել և՛ թրեյնինգները, և՛ ներդրումները, և՛ ավելի շատ բիզնես մոտեցում պետք է ցուցաբերել:
Հարցին, թե Գյուղատնտեսության նախարարությունն ինչո՞վ է նպաստելու, որ գյուղացիների և մթերողների միջև խնդիրներ չծագեն, նորանշանակ նախարարն ասաց, որ մշակվում է նոր բանաձև. «Մենք բանաձև ենք մշակում, որ մթերվի նաև ավելցուկը: Նախագիծը կա, երբ պատրաստ լինի, կներկայացնենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: