ԱՄՆ-ի հայերը ավանդաբար ձայն են տալիս դեմոկրատ թեկնածուներին, հետևաբար`կքվեարկեն հօգուտ Քլինթոնի. քաղաքագետ
Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում բնակվող հայ համայնքը, որպես կանոն, ձայն է տալիս դեմոկրատներին, սպասվում է, որ այս անգամ հայ համայնքն իր ձայնը տալու է ԱՄՆ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին:
Tert.am –ի հետ զրույցում նման կանխատեսում արեց «Թաֆթս»-ի համալսարանի «Ֆլետչեր»-ի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող Սուրեն Սարգսյանը:
«Պատմականորեն և ստատիստիկ տվյալներով ապացուցված փաստ է, որ մերոնք միշտ դեմոկրատների կողմնակիցն են եղել և, կարծում եմ, այս անգամ էլ բացառություն չի լինելու: Մանավանդ, որ մեր համայնքը հիմնականում կենտրոնացված է դեմոկրատ նահանգներում. Կալիֆոռնիա, Մասաչուսեթս, որոնք պատմականորեն իրենց ձայնը տալիս են դեմոկրատ թեկնածուներին»,- ասում է Սուրեն Սարգսյանը:
Ըստ քաղաքագետի` հայերն առաջնորդվելու են նաև նրանով, որ չեն ճանաչում հանրապետական Դոնալդ Թրամփին, որը նոր է մտել քաղաքական ասպարեզ և, ըստ քաղաքագետի, փորձում է նոր ագրեսիվ կեցվածքով տանել իր քարոզարշավը:
Ի դեպ, թե՛ Թրամփը, թե՛ Հիլարի Քլինթոնը, Սուրեն Սարգսյանի տեղեկացմամբ, իրենց ողջ պաշտոնական քարոզարշավի ընթացքում դեռ այնպիսի հայտարարություն չեն արել, որը կհետաքրքրի հայությանը. այսինքն` հայկական և արցախյան հարցերի առումով:
Ամեն դեպքում, ըստ Սարգսյանի, 2 թեկնածուների տարբերությունն այն է, որ Հիլարի Քլինթոնը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում երկու անգամ այցելել է Հայաստան, ինչն աննախադեպ է :
Եվ երկրորդ` սենատոր եղած ժամանակ նա հայտնի է եղել հայկական նախաձեռնությունների նկատմամբ բավականին ակտիվ ու պրոհայկական կեցվածքով:
Սա, իհարկե, ըստ քաղաքագետի արձանագրման, չի խանգարել, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում արդեն դրժի խոստումները և «Ցեղասպանություն» եզրույթի փոխարեն օգտագործի այլ բառ:
«Իմ կարծիքով` ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում Հիլարի Քլինթոնը վերադառնալու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, թեպետ, դրա մասին դեռևս հայտարարություն չի եղել: Եվ Հիլարի Քլինթոնը Միացյալ Նահանգներում այն քիչ մարդկանցից է, որ փայլուն պատկերացում ունի մեր տարածաշրջանի ու հայ-թուրքական հարաբերությունների մասին, որովհետև հենց ինքն է եղել բանակցողը հայ-թուրքական զույգ արձանագրությունների հարցով: Բացի դրանից՝ նա լավ պատկերացում ունի ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին` լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի պետքարտուղար: Տեղյակ է ամբողջ գործընթացներին»,- կարծում է Սուրեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 2008-ի աշնանը Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հաջորդ փուլի արդյունքում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարների` Արձանագրությունների ստորագրումից առաջ անհասկանալի վիճակ էր, երբ ակնհայտ էր, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ինչ-որ բանից դժգոհ է, իսկ Սերգեյ Լավրովն ու Հիլարի Քլինթոնը քաջալերող ժեստով թփթփացրեցին ՀՀ արտգործնախարարի ուսին:
Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները բողոքի հսկա ալիք բարձրացրեցին Սփյուռքում: Մեր հարցին, թե սա չի՞ նշանակում արդյոք, որ ամերիկահայ համայնքը դեմ կամ առնվազն ձեռնպահ կլինի ԱՄՆ կին դեմոկրատ թեկնածուի հարցում, քանի որ նա կասոցացվի որպես այդ արձանագրությունների կնքամայր, քաղաքագետը պատասխանեց.
«Հայ համայնքը չի առաջնորդվելու միայն այդ հանգամանքով. մանավանդ, որ արդեն հիշատակվել է, որ ԱՄՆ դեմակրատ թեկնածուն միակն է, ով իր պաշտոնավարման ընթացքում երկու անգամ այցելել է Հայաստան:
«Սա շատ ավելի կարևոր չափանիշ է, քան այն, որ նա այդ արձանագրությունների բանակցությունների ժամանակ օգնել է կողմերին»,- ասաց քաղաքագետը:
Սուրեն Սարգսյանն, ի դեպ, նկատեց, որ Հիլարի Քլինթոնն իր գրքում մանրամասն անդրադարձել է այդ դրվագին` մանրամասնելով, թե քանի որ Թուրքիան ձգտում էր նախաստորագրումից անմիջապես հետո հանդես գալ հայտարարությամբ` որպես հայ-թուրքական արձանագրությունների բաղկացուցիչ մաս, իսկ հայ դիվանագետները դեմ էին, (այլապես ստեղծվելու էր նախադեպ, որ Թուրքիան այս մակարդակում կարող է Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարություն անել և դա կդառնար այս արձանագրությունների ինչ-որ մասնիկ), իրենք երկու կողմին էլ քաջալերել են:
«Քլինթոնը և Լավրովը միասին երկու կողմերին էլ քաջալերել են, ասել են` լավ, Նալբանդյանը ճիշտ է ասում»,-մեկնաբանեց Սուրեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի թեկնածուների` հանրապետական Դոնալդ Թրամփի ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնի առաջին հեռուստաբանավեճից անմիջապես հետո CNN հեռուստաալիքի հանդիսատեսի 62%-ի կարծիքով`Թրամփի հետ բանավեճում հաղթող է համարվել Քլինթոնը:
Իսկ մինչ այդ Դոնալդ Թրամփը Հիլարի Քլինթոնին մեղադրել էր «Հռոմի պապից ավելի սուրբ» երևալու ցանկության և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդեպ կեղծավորության մեջ:
Ամեն դեպքում, Սուրեն Սարգսյանը նշում է, որ սա ոչ թե ԱՄՆ քաղաքացիների դիրքորոշման ցուցիչն է, այլ հաստատ այն մարդկանց, ովքեր այդ ժամանակ նստած էին ստուդիայում:
Եվ իրականում, ըստ քաղաքագետի, նրանց տոկոսային հարաբերությունն այնքան էլ մեծ չէ` հաշվի առնելով, որ Թրամփն ունի 40-45 տոկոս աջակիցներ և կան 7-10 տոկոս չկողմնորոշվածներ:
«Այնպես որ, պայքարը շատ ավելի սուր է լինելու, քան մենք կարծում ենք»,- կանխատեսեց քաղաքագետը:
Նա նաև հետևյալ կանխատեսումն արեց. «Կարծում եմ՝ Քլինթոնի հաղթանակը շատ ավելի է հավանական է, բայց այն հեշտ չի տրվելու»:
Մինչև ընտրությունները` նոյեմբերի 8-ը, կա երկու դեբատ ևս՝ մեկն էլ Թրամփ-Քլինթոն փոխնախագահների մակարդակով: