Ինչո՞ւ է «Օհանյան» կրթահամալիրից հեռացվել 7-րդ դասարանի աշակերտը. տնօրինության և ծնողի տեսակետները տարբեր են (լուսանկարներ)
Ուսումնական տարվա մեկնարկին «Օհանյան» կրթահամալիրի 7-րդ դասարանի աշակերտ Արգիշտի Մալխասյանի մայրը բաց նամակ էր հրապարակել, որտեղ տեղեկացնում էր, որ իր որդուն հեռացրել են կրթահամալիրից:
Բաց նամակում, մասնավորապես, ասվում էր, որ սեպտեմբերի 5-ին զանգահարել են վարժարանից և կանչել տնօրեն Սուսաննա Օհանյանի մոտ: Հաջորդ օրը տնօրենը խնդրել է աշակերտին հանել դպրոցից՝ պատճառաբանելով, որ երկու դասարան միացրել են՝ մեկում հավաքելով 17 աշակերտ։ Եվ, քանի որ իրավունք չունեն 15 աշակերտից ավել պահել դասարանում, երկու հոգու պետք է հեռացնեն, որոնցից մեկը Արգիշտի Մալխասյանն է. պատճառն էլ ցածր առաջադիմությունն է:
Աշակերտի հեռացման պատճառների և ծնողի տեսակետների հետ կապված վարժարանի պատասխանն իմանալու համար Tert.am-ը զրուցեց «Օհանյան» կրթահամալիրի փոխտնօրեն Սոնա Միսկարյանի հետ:
Փոխտնօրենը տեղեկացրեց, որ Արգիշտի Մալխասյանը այժմ տեղափոխվել է այլ դպրոց, իսկ նրա՝ դպրոցից տեղափոխելու իրական պատճառը չեն հայտնում՝ երեխայի շահերին չվնասելու համար. «Ծնողի հետ վիճաբանություն չի եղել, երեխան չի հեռացվել, երեխայի տեղափոխության մասին ժամանակին տեղյակ է պահվել ծնողին, և տնօրենը խնդրել է նրան տանել երեխային: Ծնողն իր բաց նամակում հայտնում է, թե ուշ է տեղեկացվել, այնինչ ինքն է ուշացել: Սեպտեմբերի մեկին տոն էր և ոչինչ չենք ասել, իսկ երբ սեպտեմբերի 2-ին Արգիշտիին տեսանք, մանկավարժական խորհրդի նիստ է գումարվել, որի ընթացքում որոշել ենք հայտնել ծնողին, որպեսզի երեխային տանի դպրոցից: Ծնողին տեղյակ է պահվել նախապես, նշված օրը չի եկել, զանգահարել և ասել է, որ խնդիրներ ունի, մի փոքր ուշացած է եկել և իր ներկայացած օրն էլ համարել է իրեն տեղեկացնելու օր»:
Հարցին, թե ինչո՞ւ երեխայի ծնողին ուսումնական տարվա ավարտին չեն հայտնել, որ երեխային տեղափոխի, փոխտնօրենը պատասխանեց, որ ստույգ տեղեկություններ են ունեցել, որ երեխան տեղափոխվում է այլ դպրոց, դրա համար էլ չեն ցանկացել ծնողին լրացուցիչ ասել. «Նա տարել է երեխային, ինչից հետո բաց նամակ է տարածել: Թե ինչու է ծնողը նման մեկնաբանություն տվել, հայտնի չէ, սակայն մենք այդ բաց նամակին չենք պատասխանել՝ ելնելով երեխայի շահերից»:
Հարցին, թե որն է երեխային դպրոցից հանելու իրական պատճառը, փոխտնօրենը պատասխանեց. «Իրական պատճառը չենք բացահայտում երեխայի շահերին չվնասելու համար։ Դրանով մենք նորից կվնասենք երեխային, եթե իրական պատճառը բացահայտենք: Ծնողը պատճառը շատ լավ գիտի, ծնողը հաստատ գիտի: Մենք խնդրել ենք ծնողին, որ մեզ ու իրեն հայտնի պատճառով, որը գիտենք այսքան տարի, երեխային տեղափոխի դպրոցից, որովհետև մենք նրան պահելու հնարավորություն չունենք»:
Դիտարկմանը, թե ծնողը հայտնում է, որ դասարանները միացնելու պատճառով է հեռացվում երեխան, փոխտնօրենը պատասխանեց, որ դասարանները միացվել են, սակայն այնպիսի թվի չեն հասել, ինչը կարող էր երեխայի հեռացման պատճառ դառնալ. «Մասնավոր դպրոցի համար աբսուրդ է վճարունակ երեխային հանելը»:
Դպրոցի տնօրեն Սուսաննա Օհանյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դա որպես պատճառաբանություն է ներկայացրել՝ ծնողին չվիրավորելու համար:
Ինչ վերաբերում է տնօրինության կարծիքին, Գոհար Դիլանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը որևէ պատճառ չգիտի իր որդուն հեռացնելու համար. «Նախաձեռնությունը եղել է իրենց կողմից: Եթե իմացել են, որ ֆիզմաթ դպրոց ենք տարել և մտածել են, որ պոտենցիալ լավ աշակերտ չէ որդիս իրենց համար, դա ես չգիտեմ, դրա համար ինձ պատճառը շատ հետաքրքիր է: Փոխտնօրենը, առանց սենյակից դուրս գալու, ինձ ասաց, որ պատճառը ցածր առաջադիմությունն է, նույնն ասաց նաև տնօրենը: Այլ պատճառ, որ ասում են, թե չեն ցանկանում հրապարակել, ինձ հայտնի չէ: Սա հանելուկ է։ Ավելին՝ իրենք դրանից հետո չեն էլ հետաքրքրվել իրենց աշակերտի ճակատագրով: Իսկ այն, որ իմ որդին ցածր առաջադիմություն չունի, կվկայեն իրենց կողմից տրված գովասանագրերն ու վկայականները»:
Նշենք, որ իր բաց նամակում Արգիշտի Մալխասյանի մայրը հետևյալ հարցադրումներ էր արել.
1. Ի՞նչ իրավունքով է, իրավաբանական և բարոյական, տնօրենը ինձ այդ մասին հայտնում սեպտեմբերի 6-ին, եթե այդ որոշումը կայացվել է անցած ուսումնական տարվա արդյունքների հիման վրա:
2. Եթե այդ որոշումը կայացվել է ուսուցչական խորհրդի որոշմամբ, ինչո՞ւ ոչ մի ուսուցիչ դրա մասին տեղյակ չէ, ընդհուպ մինչև դասղեկ, համենայնդեպս, այդպես են ինձ ասում:
3. Ի՞նչ իրավունք ունի դպրոցի տնօրենը իմ երեխային «դուրս շպրտել» դպրոցից՝ չմտածելով, թե ծնողը ինչ դժվարությունների առջև է կանգնում սեպտեմբերի 7-ից սկսած երեխայի համար նոր դպրոց փնտրելու գործում։ Ի՞նչ հոգեբանական և այլ սթրեսների է ենթարկվում երեխան այդ լուրը հանկարծակի իմանալու, հասկանալու, դրան հարմարվելու պրոցեսում:
Բացի դրանից՝ Գոհար Դիլանյանը նաև խնդրել էր մանկավարժներից, մասնագետներից, հոգեբաններից կազմված հանձնաժողով կազմել և ուղարկել դպրոց՝ բացահայտելու, թե ինչու հենց իր երեխան է ընդգրկվել «սև ցուցակում»՝ առանց հիմնավոր պատճառաբանության և նախազգուշացման: