Ոլորտը պետք է վերանայել՝ սկսելով նոր տիպի գրախանութների ստեղծումից. մշակույթի նախարար (տեսանյութ)
Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի համար առաջնահերթ խնդիրը գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլի ստեղծումն է:
Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
«Ոլորտը պետք է վերանայել՝ սկսելով նոր տիպի գրախանութների ստեղծումից, որը կդառնա ընտանեկան հանգստի կենտրոն: Համոզված եմ, որ նման գրախանութները կնպաստեն գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլի բիզնես զարգացմանը՝ հրատարակչությունից սկսած, գրողների եկամուտներով վերջացրած, և ընդհանրապես գրականության սպառման առումով:
Այս փորձը պետք է տեղայնացնել ամբողջ հանրապետությունով մեկ և այդ փորձը մենք կսկսենք Երևանից. երևանյան տարբերակը կարող օրինակ դառնալ ամբողջ հանրապետության համար»,-ասաց Ամիրյանը:
Հարցին, թե թվայնացում լինելո՞ւ է՝ հաշվի առնելով, որ երիտասարդությունն առավել քան օգտվում է այդ տարբերակից, Ամիրյանն ասաց, որ թվայնացում լինելու է, նոր ծրագրեր են ներմուծվելու Հայաստան, ամբողջ աշխարհն օգտագործում է թվային գրքեր, իսկ Հայաստանում դրա պակասը կա:
Դիտարկվում է, թե օրեր առաջ փակվել է «Նոյյան տապան» գրախանութը. նախարարն ասաց, որ լսել է այդ մասին և առաջիկա օրերին խորհրդակցության է հրավիրելու ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչներին, ինչը հնարավորություն կտա ճիշտ ճանապարհով շարունակել:
Հարցին, թե գրահրատարակչությունից բացի, ո՞րն է առաջիկա խնդիրը, Արմեն Ամիրյան ասաց, որ կինոյի մասին օրենքի ընդունումն է, որն արտաքին ներդրողներին հնարավորություն է տալու ազատվել որոշակի հարկատեսակներից. «Դա, ըստ իս, կխթանի կինոարտադրությանը Հայաստանում, և նաև Հայաստանը կարող է դառնալ լավագույնս արտերկրում ներկայացնելու միջոց. համատեղ նախագծեր պետք է նախատեսել ռուսական շուկայի, չինական և իրանական շուկայի համար: Ես նախատեսում եմ առաջիկայում հանդիպումներ անցկացնել պրոդյուսերական կենտրոնների հետ, առաջին հերթին ռուսական շուկայի հետ։ Ինչո՞ւ, որովհետև այնտեղ հեշտ է և աշխատում են նաև մեր հայրենակիցները»:
Հարցին, թե թատրոնի մասին օրենք ևս չկա, արդյո՞ք միջամտություն կլինի, նախարարն ասաց, որ հարցը պետք է ուսումնասիրել. «Թատրոնն ավելի շատ ստեղծագործական է, կինոն ավելի շատ բիզնես է, իսկ բիզնեսին հնարավորություն պետք է տալ, որ այն զարգանա»: