Հռոմի պապը կոչ է արել կարգավորել Մերձավոր Արևելքում հակամարտությունները
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել միջազգային հանրությանը և, նախևառաջ, ՄԱԿ-ին նոր ջանքեր գործադրել Սիրիայում և Իրաքում հակամարտությունների կարգավորման համար, գրում է РИА Новости-ն:
«Բացի անհրաժեշտ մարդասիրական օգնությունից, այսօր Սիրիայում և Իրաքում մեր եղբայրներին և քույրերին ամենից շատ խաղաղություն է հարկավոր: Այդ պատճառով ես չեմ դադարում խնդրել միջազգային հանրությունից ավելի շատ ջանքեր գործադրել ողջ Մերձավոր Արևելքում խաղաղության ձեռքբերման համար»,- հինգշաբթի հայտարարել է Ֆրանցիսկոս պապը՝ դիմելով Վատիկանում Cor Unum Պապական խորհրդի կազմակերպած Սիրիայի և Իրաքի հարցերով բարեգործական կաթոլիկ կազմակերպությունների ներկայացուցիչների 5-րդ հանդիպման մասնակիցներին:
Ֆրանցիսկոս պապը շնորհակալություն է հայտնել «միջազգային ատյաններին» և, նախևառաջ, ՄԱԿ-ին անմեղ մարդկանց տառապանքի պատճառ հանդիսացող հակամարտությունների կարգավորման նպատակով տարբեր կառավարությունների միջև միջնորդության ուղղությամբ աշխատանքի համար: Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ շարժումը մեծ համբերություն, հաստատակամություն, բայց նաև հրատապություն է պահանջում, և Հռոմի կաթոլիկ եկեղեցին պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ գործում: