Երևանում Գալոյան եղբայրների անունը կրող փողոց է անվանակոչվել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանում Գալոյան եղբայրների անունը կրող փողոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա Գալոյան ընտանիքի անդամները, առանձնակի կարևորելով անվանակոչման նախաձեռնությունը, նկատել են, որ այն Գալոյան եղբայրների տարիների աշխատանքի յուրովի գնահատական է, ինչի համար իրենց խորին երախտագիտությունն են հայտնել Հանրապետության Նախագահին և Երևանի քաղաքապետին:
Ներկայացնելով Մուսայել, Ալեքսանդր և Գալուստ Գալոյանների կենսագրությունները՝ բանախոսները նշել են, որ նրանք կարևոր ներդրում են ունեցել հայրենիքի գիտության, մշակույթի ու բժշկության զարգացման բնագավառներում, և գնահատելի է, որ նրանց անունով անվանակոչվել է հենց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հարակից փողոցը, ինչը յուրովի հարգանքի տուրք է նրանց վաստակի առաջ:
Այնուհետ կատարվել է փողոցի անվանատախտակի հանդիսավոր բացումը, որի պատիվը վերապահվել է Գալոյանների ընտանիքի անդամներին:
Հարկ է նշել, որ դեռևս 2015 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանի ավագանին որոշում կայացրեց Երևան քաղաքի Սարմենի փողոցի և Մարշալ Բաղրամյան պողոտայի միջանկյալ ճանապարհահատվածն անվանակոչել Գալոյան եղբայների անվամբ։