Թուրքիայի Գազիանթեփի համալսարանի 86 աշխատակից բերման է ենթարկվել ոստիկանություն
Թուրքիայի Գազիանթեփի պետական համալսարանում խոշոր ոստիկանական գործողություն է տեղի ունեցել. համալսարանի 86 աշխատակից բերման է ենթարկվել Գազիանթեփ քաղաքի ոստիկանություն, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Բերման ենթարկված քաղաքացիները կասկածվում են Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման անդամ լինելու համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: