Գլխի առաջին փոխպատվաստումն իրականացնել պատրաստվող բժիշկը նոր մանրամասներ է ներկայացրել գալիք վիրահատությունից
Իտալացի վիրաբույժ Սերժիո Կանավերոն, ով մտադիր է իրականացնել աշխարհում առաջին գլխի փոխպատվաստումը, հայտնել է, որ վիրահատությունը, հավանաբար, կանցկացվի հաջորդ տարի:
BBC-ի փոխանցմամբ` բժիշկը հայտնել է, որ գլխի փոխպատվաստումն իրականացնելու համար մարմնի հարմար դոնոր է անհրաժեշտ: Որքան էլ որ անհավանական հնչի, իտալացի մասնագետը համոզված է, որ նորօրյա տեխնոլոգիաները թույլ են տալիս կյանքի կոչել այդ վիրահատությունը:
Չնայած ռիսկի մեծ գործոնին`բժիշկը նշում է, որ շատ կամավորներ կան, ովքեր կցանկանային փոխպատվաստման ենթարկվել: Հայտնի է, որ առաջին վիրահատությանը մասնակցելու է 31-ամյա ռուս համակարգչային մասնագետ Վալերի Սպիրիդոնովը, ով տառապում է «ողնաշարի մկանային հյուծում» հազվադեպ հիվանդությամբ և գամված է անվասայլակին:
Վիրաբույժի խոսքով`փոխպատվաստմանը կմասնակցի 150 հոգանոց բուժանձնակազմ, իսկ վիրահատությունը կտևի 36 ժամ:
Ինչպես հայտնում է նա, առաջին քայլը գլուխն ու մարմինը սառեցնել է լինելու` կանգնեցնելու համար ուղեղի բջիջների մահը, որից հետո միայն կկտրվեն պարանոցն ու հիմնական զարկերակները և երակները կապող խողովակները:
Դրան հաջորդելու է առավել բարդ գործընթացը`ողնաշարի լարը հատելը, որը կիրագործվի ադամանդներից պատրաստված հատուկ դանակի օգնությամբ, քանի որ դրանք բավականին ամուր են:
Այնուհետև նախատեսվում է գլուխը տեղափոխել դոնորի մարմնի վրա և ամրացնել ողնուղեղը հատուկ տեսակի սոսնձով: Մկանները, երակներն ու օրգանները, ինչպես նաև մաշկը այնուհետև կվերականգնվեն:
Բժիշկը նշում է, որ իրենք նախնական կտրելու փորձը կկատարեն նոր մահացած դոնորի ուղեղի վրա:
Բազմաթիվ բժիշկ-փորձագետներ ողջ աշխարհից հայտնում են, որ այս տեսությունը «գիտաֆանտաստիկա» է, և գլխի փոխպատվաստումն ուղղակի անհնար է: Սակայն իտալացի վիրաբույժը հավատում է, որ այն հնարավոր է:
«Երբ ամեն ինչ ավարտվի, ես 90 տոկոս հաջողություն եմ ակնկալում: 90 տոկոսը նշանակում է, որ հիվանդը արթնանալու է առանց վնասվածքների և կարողանալու է քայլել ու շարժվել մեկ ամսվա ընթացքում», - պնդում է իտալացի բժիշկը: