Թուրքիայում բոլոր պետական տոների հետևում մի կոտորածի պատմություն է թաքնված. Թամեր Չիլինգիրի հոդվածը
Օգոստոսի 30-ը Թուրքիայում նշվում է որպես «մեծ հաղթանակի» օր, քանի որ 94 տարի առաջ այս օրը Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը Դումլուփընարի մոտակայքում հաղթանակ տարավ հունական զորքի նկատմամբ, ինչից հետո դրվեց Թուրքիայի Հանրապետության հիմքը:
Սակայն Թուրքիայում գրեթե յուրաքանչյուր պետական տոնի հետևում թաքնված է մի արյունոտ կոտորածի պատմություն:
Թուրքիայում բնակվող գրող-հրապարակախոս Թամեր Չիլինգիրը devrimcikaradeni.com կայքի իր սյունակում անդրադարձել է Թուրքիայի արյունոտ անցյալը քողարկել փորձող պետական տոներին:
Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք սյունակագրի հոդվածը.
«1923թ.-ին հիմնադրվեց Թուրքիայի Հանրապետությունը: Տարիներ անց՝ 1935-ին, չգիտես ինչպես, խորհրդարանում ոմանց գլխին փչեց օգոստոսի 30-ը դարձնել տոն ու նշել որպես «մեծ հաղթանակի» օր:
Ինչո՞ւ:
Չմոռանանք 1930-ականներից սկսած Թուրքիայում պատմությունը նոր ձևով գրելու ավանդույթի մասին:
Այդ իսկ պատճառով այս հանրապետության հայտարարած յուրաքանչյուր պետական տոնի հետևում առկա է մի արյունոտ կոտորածի պատմություն:
Օգոստոսի 30-ն Անատոլիայի հույների՝ այս հողերից ջնջվելու օրն է:
Տարիներ շարունակ լսել ենք «փրկության պատերազմի» մասին: Ումի՞ց ենք փրկվել: Ի՞նչ զորքի դեմ ենք կռվել:
1920-ականներին հույն ժողովրդի գլխին եկած դժվարությունները գնալով շատանում էին: Դժբախտություններ, սով... Չէին ուզում պատերազմել, և հազարավոր ժանդարմներ զբաղված էին նրանց լեռնային անտառներից դուրս հանելով: Այսպիսի զորքի դեմ են պայքարել: Ո՛չ քաղաքական, ո՛չ էլ ֆիզիկական իմաստով ուժ չուներ այդ բանակը: Հույն ժողովուրդն այդ ժամանակ ապրեց իր ամենամեծ ողբերգություններից մեկը: Մարդիկ արմատախիլ եղան իրենց իսկ հայրենիքից: Սա է օգոստոսի 30-ի նշանակությունը:
Օսմանյան ժամանակներից սկսած և ավելի ուշ քեմալականների ձեռքով Պոնտոսի տարածքում նույնպես բնաջնջվեցին այդ հողի բնիկները՝ պոնտոսցի հույները: Պոնտոսի հույների ցեղասպանության օրը մայիսի 19-ն է: Այդ նույն օրը Թուրքիայում նշվում է «Սպորտի և երիտասարդության օրը»...
Իսկ ապրիլի 23-ին՝ ապրիլի 24-ից մեկ օր առաջ, նշում ենք երեխաների իրավունքների պաշտպանության մեր տոնը:
Երիտթուրքերի և քեմալականների ձեռքերն արյունոտ են: Այդ արյունն այս հողի բնիկների արյունն է՝ հայերի, հույների, ասորիների, քելդանիների, նաստուրիների...
Հիմա պետք է հարցնեմ՝ Օգոստոսի 30-ն այդ ի՞նչ հաղթանակի տոն է»: