Իտալիայի թանգարանները 610 000 եվրո են հավաքել երկրաշարժից տուժածներին օգնելու համար
Իտալական թանգարանները կիրակի օրը 610 000 եվրո են հավաքել Իտալիայի կենտրոնում օգոստոսի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու համար: Euromag-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են երկրի մշակութային ժառանգության և մշակութային գործունեության նախարարությունից:
«610 000 եվրո հավաքել են միայն պետական թանգարանները` փոխանցելով կիրակնօրյա տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթը: Այս գումարին դեռ պետք է ավելացնել մունիցիպալ, մասնավոր և շրջանային թանգարանների ներդրումը», - ասվում է գերատեչության հաղորդագրության մեջ:
Իտալական թանգարաններ կիրակի օրն այցելել է ավելի քան 70 000 մարդ, ովքեր արձագանքել են նախարարության կոչին` օգնել տարերային աղետից տուժածներին: Բոլոր ստացված միջոցները կուղղվեն երկրաշարժի գոտում գտնվող մշակութային ժառանգության կառույցների վերակագնմանը:
Հիշեցնենք, որ Իտալիայի կենտրոնական շրջաններին հարվածած 6.1 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 294-ի, տանիքից զրկվել է ավելի քան 2000 մարդ: