Ես այդ քայլին գնացի Պուտինին իմ խնդիրները հասցնելու համար. գործարար Արամ Պետրոսյանը հարցազրույց է տվել «Դոժդ» հեռուստաալիքին
Մոսկովյան բանկերից մեկի մասնաճյուղը օգոստոսի 24-ին գրաված հայազգի գործարար Արամ Պետրոսյանը ներկա պահին գտնվում է մեկուսարանում: Նրան մեղադրում են պատանդներ վերցնելու մեջ և կարող են մինչև 15 տարվա ազատազրկման դատապարտել:
Սնանկացած գործածարի հետ հարցազրույց է անցկացրել ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը, որի ժամանակ գործարարը նշել է, որ իր գործողություններով ցանկացել է նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրությունը հրավիրել իր խնդիրների վրա: Հեռուստաալիքը հրապարակել է իրենց հարցերին Արամ Պետրոսյանի տված պատասխանները, որոնք փոխանցել է վերջինիս փաստաբանը:
- Որտե՞ղ եք սովորել: Պատմեք Ձեր բիզնեսի մասին:
- Հայաստանում ես տնտեսագետի բարձրագույն կրթություն եմ ստացել, տնտեսագետ եմ: Ես ողջ կյանքս բիզնեսում եմ եղել` 20 տարեկանից սկսած: 29 տարեկանում միլիոնատեր էի: Ես 32 արտոնագիր ունեմ, 5 հեղինակային իրավունք: Տեղափոխվելով ՌԴ` ապրուստի միջոցներ ունենալու համար իմ արտոնագրերից մի քանիսը վաճառեցի արտադրական ընկերություններին և դրանով իսկ մեկնարկային կապիտալ վաստակեցի:
- Ո՞ր թվականին և ինչի՞ պատճառով սկսվեցին խնդիրները բիզնեսում:
- Մոտավորապես 2013-ին սկսվեցին խնդիրները, քանի որ իմ նախագիծը, որի 60 տոկոսը գնել էր կանադական ընկերությունը, մասնակիորեն իրականացվել է ուկրաինական «Տուրբոատոմ» ձեռնարկությունում, սակայն փորձարարական նմուշը չի հաջողվել արտադրել հայտնի պատճառներով:
- Պատմեք Վլադիմիր Պուտինի մոտ 2012-ին կատարած Ձեր այցի մասին:
- Այո, 2012-ի դեկտեմբերի 21-ին ես այցելեցի նախագահի վարչակազմ` Ձմեռ պապու հագուստով և իմ օգնականին Ձյունանուշի հանդերձ հագցնելով. միևնույն ժամանակ նվերների տուփերում տեղադրեցի իմ հեղինակային իրավունքներից երկուսը` «Հավասար հնարավորությունների երկիր» և «Արամեացի» խորագրերով, որոնք ես նվիրել եմ Պուտինին:
- Ո՞ւմ եք մեղավոր համարում Ձեր խնդիրների համար:
- Առաջին հերթին ինքս ինձ: Իսկ հետո բյուրոկրատներին: Ինչպես ասել է ակադեմիկոս Աուզանը, «Էլիտային բարեփոխումներ պետք չեն»: Իսկ իմ անունից կնշեմ. «Բարեփոխումներ պետք են միայն ժողովրդին և նախագահին»:
- Ինչո՞ւ եք դիմում հենց Վլադիմիր Պուտինին։
- Ես շատ եմ հարգում և սիրում իմ նախագահին` Պուտինին: Ես ՌԴ քաղաքացի եմ: Ես ընդդիմություն չեմ, այլ Պուտինի կողմից եմ: Ես հավատում եմ մեր նախագահին: Որպես տղամարդը տղամարդուն, սպան` սպային եմ դիմել նրան, և դիմում եմ հույսով, որ նա կլսի ինձ և կհասկանա, որ բոլոր իմ նախագծերը անհրաժեշտ են երկրին և մարդկանց: