Հայաստանում երբեք չենք հրապարակում նյութեր անհայտ կորած ու հետագայում գտնված անձանց նկատմամբ կիրառված վերաբերմունքի մասին. Լ. Ալավերդյան (տեսանյութ)
Հայաստանում երբեք չենք հրապարակում նյութեր անհայտ կորած ու հետագայում գտնված, երկիր վերադարձված անձանց նկատմամբ կիրառված վերաբերմունքի մասին, որովհետև կան ընտանիքներ, որոնց հարազատները, սիրելիները դեռ չեն վերադարձել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում Անհայտ կորածների միջազգային օրվա թեմայով ասուլիսի ժամանակ ասաց Անհայտ կորածների, պատանդների և գերիների պետական միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ տնօրեն Լարիսա Ալավերդյանը։
«Անհայտ կորածներ Հայաստանում ու Արցախում մենք ունեցել ենք 1988 թվականի աշնանից, ավելին՝ 1991 թվականի «Օղակ գործողության» ընթացքում մենք ունեցել ենք 527 հոգու ցուցակ, որոնցից կեսից ավելին վերադարձվել է տուն»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասուլիսի ժամանակ նշեց, որ 1992-1994 թվականների Ղարաբաղյան հակամարտության հետևանքով Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում գրանցված կան մոտ 4500 անհայտ կորած անձինք։