Շրջիկ բանվոր, հաշվապահ ու պահակ. ինչու են ՀՀԿ-ական գյուղապետերի մրցակիցները որոշ դեպքերում ձևական, իսկ ընդդիմադիրները՝ պասիվ
2016թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Սյունիք, Տավուշ մարզերի թվով 317 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները:
Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամների ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:
Սահմանված ժամկետում որպես համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 571 քաղաքացի. նրանցից 19-ը մինչև թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է առաջադրումները, ըստ որի՝
Արագածոտնի Արևուտ համայնքում առաջադրվել է երկու թեկնածու, որից ՀՀԿ-ի թեկնածու և գործող գյուղապետի մրցակից համարվող թեկնածուն հետո ինքնաբացարկ է հայտնել:
Արագածոտնի Արայի համայնքում ՀՀԿ-ական գյուղապետ Էդիկ Պետրոսյանի մրցակիցը անկուսակցական Գևորգ Պետրոսյանն է, ով մասնագիտությամբ մեխանիզատոր է:
Բազմաղբյուր համայնքում առաջադրվածներից երկու թեկնածուն էլ ՀՀԿ-ից են, գործող համայնքի ղեկավարին կուսակցությունն է առաջադրել, իսկ նրա մրցակից ՀՀԿ-ականը համայնքապետարանի քարտուղարն է: Նույն մարզի Բերքառատ համայնքում նույն պատկերն է՝ տարբերությամբ, որ գործող ՀՀԿ թեկնածուի մրցակիցը Բերքառատի հաշվապահն է:
Արագածոտնի Զովասար համայնքում ևս գյուղապետի մրցակիցը նույն գյուղապետարանի հաշվապահն է, երկուսն էլ ՀՀԿ կուսակցությունից: Լուսակն համայնում ՀՀԿ թեկնածուի մրցակիցը դպրոցի պահակն է և ևս մեկ թեկնածու անկուսակցական: Կայք գյուղում ՀՀԿ-ական գյուղապետի մրցակիցը դպրոցի ՀՀԿ-ական զինղեկն է, Շղարշիկ գյուղում գյուղապետի թեկնածուն գյուղապետարանում որպես շրջիկ բանվոր գրանցված թեկնածուն է և այլն:
Tert.am-ը Քաղաքացիական պայմանագիր ընդդիմադիր կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչու ընդդիմությունը չի կարևորում փոքր համայնքների ընտրությունները, և արդյոք դա չի՞ խոսում ընդդիմության թուլության մասին:
«Ոչ թե ընդդիմության թուլությունից է գալիս, այլ ընդդիմությունը 20-25 տարի մեծ ուշադրություն չի դարձրել ՏԻՄ ընտրություններին, և դրանով ՏԻՄ ընտրությունները պակաս կարևոր են դարձել քաղաքական ուժերի համար: Մինչդեռ, ՏԻՄ ընտրությունները շատ կարևոր են համապետական ընտրությունների համար, և մեր ընդդիմադիր կուսակցությունները համարյա թե չեն մասնակցել և դրա համար համապետական ընտրություններին ունեցել են ընտրությունների վատ արդյունքներ: Մեր համոզմամբ՝ համայնքում ՏԻՄ ընտրությանը մասնակցած քո թիմը մի խումբ է, որը համապետական ընտրություններին կազմակերպելու է մեծ թիմի ընտրությունը, այսինքն՝ ձայներ պահել, քարոզչություն իրականացնել և մնացած խնդիրները»,- ասաց նա:
Արայիկ Հարությունյանը սխալ է համարում ՏԻՄ ընտրությունները միայն սեպտեմբերի 18-ով չափելը: «Ճիշտ չէ, որովհետև դրանք բաժանված են երկու մասի և հիմնական մեծ համայնքներն ընկած են հոկտեմբերի 2-ին: Եթե նույն առաջադրումներին նայենք, կտեսնեք, որ բավական շատ անկուսակցականներ կան: Բացի այդ, մի քանի առաջադրումներ այդուհանդերձ ունենք և ռեալ պայքարում ենք գյուղապետի պաշտոնը ստանձնելու համար, որտեղ այդքան էլ հեշտ չէ մրցակցել, քանի որ 10-ից ավելի տարիներ պաշտոնավարած անձինք են, բայց ունենք ռեալ հնարավորություն բեկում մտցնելու համար»,- ասաց նա:
Ի դեպ, եթե հիմնական քաղաքներում ՔՊ-ն ունի թեկնածուներ, ապա փոքր համայնքներից միայն 5-ում ՔՊ-ն կմասնակցի՝ Նոր Կյանք, Ոսկեվազ, Իրինդ, Նորտուս, Լոռի բերդ:
«Ինչ վերաբերում է կոնկրետ ՔՊ-ին, ապա մենք մեկ տարվա գրանցված կուսակցություն ենք, և սա առաջին ՏԻՄ ընտրությունն է մեզ համար։ Մենք մի քանի ուղղություններով լրջագույն պայքարի ենք տրամադրված և կհասկանանք այս պահին ինչ ունենք, և առաջիկայում, օրինակ, համապետական ընտրությունների հետ կապված ինչ շտկումներ պետք է անենք, որ շատ ավելի լավ արդյունք ունենանք»,- ասաց նա և նշեց, որ առաջադրումների պասիվությունը պայմանավորած է ռեսուրսների բացակայությամբ, որն աստիճանաբար կլրացվի: