Անդրիաս Ղուկասյանի նամակը Ժիրայր Սեֆիլյանին. Եկել է ժամանակը՝ կյանքի կոչելու ժողովրդի վստահության կառավարության գաղափարը
ՙՆոր Հայաստան՚ շարժման կալանավորված անդամ Անդրիաս Ղուկասյանը նամակով դիմել է ՙՀիմնադիր խորհրդարանի՚ անդամ Ժիրայր Սեֆիլյանին:
«Հարգելի Ժիրայր Սեֆիլյան Օգոստոսի 1-ին, կալանավորվելու ժամանակ, կոչով դիմեցի ժողովրդին՝ շարունակել պայքարը, հաստատել Հայաստանում սահմանադրական կարգ ու վերականգնել արդարադատությունը: Հացադուլ հայտարարելով` հետապնդել եմ 3 նպատակ. առավել ուշադրություն հրավիրել հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության ապօրինի ուժ գործադրելու և քաղաքացիներին ձերբակալելու փաստին, աջակցել շարժմանը` քաղաքացիների համախմբման գործում, շարունակել անմիջական մասնակցել քաղաքական պայքարին: Եթե առաջին խնդիրն այսօր որոշ չափով կատարված է, ապա երկրորդը դեռևս գտնվում է անբավարար վիճակում:
Կարծում եմ, եկել է ժամանակը՝ կյանքի կոչելու Ժողովրդի Վստահության Կառավարության եւ արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը: Համոզված եմ, բոլոր քաղբանտարկյալների միասնական հորդորը` սեպտեմբերի 2-ին միանալ Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին, լայն արձագանք կգտնի ժողովրդի կողմից՚:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը կալանավորվել է հուլիսի 29-ի երեկոյան Սարի թաղում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների առնչությամբ: Նա մեղադրվում է երթի ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Ընդդիմադիր գործիչը, որպես բողոքի նշան, հացադուլ է հայտարարել և նշել, որ իրեն համարում է քաղբանտարկյալ: