Փաստաբան. Օգոստոսի 31-ին Սերգեյ Միրոնովը կարող է լքել Հայաստանի տարածքը
ԱՄՆ հարցումով Երևանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովն օգոստոսի 31-ին կարող է լքել Հայաստանի տարածքը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանը:
ՙՄիրոնովը տոմս ունի օգոստոսի 31-ի համար: Այսօր՝ մինչև օրվա վերջը, պարզ կդառնա՝ կարող է արդյոք իմ պաշտպանյալը լքել Հայաստանի տարածքը, թե՞ ոչ: Առայժմ նա տեղաշարժվելու որևէ սահմանափակում չունի՚,- հայտնել է Ներսիսյանը:
Նա նաև հայտնել է, որ Միրոնովի Ռուսաստան մեկնելու դեպքում հարուցված գործի շրջանակներում բոլոր փաստաթղթերը կհանձնվեն ռուսական կողմին, որտեղ էլ կշարունակվի քննությունը:
Հիշեցնենք, որ 30-ամյա ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը ձերբակալվել էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոսի 27-ին: Ըստ ՀՀ ոստիկանության հաղորդագրության, ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից նրա նկատմամբ 2016 թվականի մայիսի 11-ից հայտարարվել է միջազգային հետախուզում: Միրոնովն ամերիկյան իրավապահ մարմինների կողմից մեղադրվում է մի շարք հանցագործությունների մեջ, մասնավորապես՝ ԱՄՆ Քրեական օրենսգրքի 371, 2778, 3155, 3551, 1956 հոդվածների հատկանիշներով: Նախօրեին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սերգեյ Միրոնովի ժամանակավոր ձերբակալության առնչությամբ դատախազության միջնորդությունը (ԱՄՆ միջնորդությամբ): Ռուսաստանցի քաղաքական գործիչները գտնում են, որ ՌԴ քաղաքացու հանձնման առնչությամբ Հայաստանին ուղղված ԱՄՆ պահանջը հակասում է միջազգային նորմերին: