ԼՂՀ օմբուդսմենը դատախազությունից պարզաբանումներ է պահանջում Հայկ Խանումյանի գործի առնչությամբ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի առնչությամբ:
ՙ2016թ. հունիսի 6-ին Ստեփանակերտում ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու փաստը հասկանալիորեն ստացել է հանրային լայն արձագանք, իսկ փաստի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը դարձել է հանրային ուշադրության առարկա։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը բռնության գործադրման օրը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է բռնարարքը, ինչպես նաև ընդգծել է քննության արդյունքների մասին հանրությանը պատշաճորեն իրազեկելու անհրաժեշտությունը: Նույն հայտարարությամբ օմբուդսմենը նաև հանձնառություն է ստանձնել հետևելու փաստի վերաբերյալ քննության ընթացքին:
Գործով նախաքննության ընթացքում օմբուդսմենի աշխատակազմն առանձին վարութային հարցերի շուրջ դիմումներ է ստացել տուժողի ներկայացուցչից և մեղադրյալների պաշտպանից, որոնք որոշմամբ ընդունվել են քննարկման:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քննության հատկապես սկզբնական փուլում հանրությանն իրազեկելու գործառույթը հիմնականում իրականացվել է պատշաճ մակարդակով, մասնավորապես` պարբերաբար հաղորդագրություններ են տրվել` հայտնելով արարքի սկզբնական որակումը (առևանգում), բացահայտելով կատարվող դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակը, այնուհետև` տեղեկացնելով ենթադրաբար հանցանք կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավարական հարկադրանքի միջոցներ (ձերբակալում, կալանավորում) կիրառելու մասին:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է նաև, որ ներկայում հանրային ուշադրության առարկա է դարձել, մասնավորապես, մեղադրյալների արարքները առևանգումից (ծանր հանցագործություն) խուլիգանության (միջին ծանրության հանցագործություն) վերաորակելու փաստը: Իսկ նշված որոշման դեմ տուժողի ներկայացուցչի բողոքը դատախազական հսկողություն իրականացնող մարմնի կողմից մերժվել է: Հանրային ուշադրությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ առկա է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը մեղադրյալների նկատմամբ կիրառելու հնարավորություն:
Վերոգրյալը հաշվի առնելով` մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում, որ դատախազությունը հանրությանը պարզաբանի վերաորակման փաստական և իրավական հիմնավորումը: Ընդ որում, ցանկալի է, որ պարզաբանումը մատչելի լինի ոչ միայն իրավաբանների, այլև լայն հանրության համար: Իրավական գործընթացի հանգուցալուծումից հետո մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա ամփոփիչ հայտարարությամբ՚,- ասվում է ԼՂՀ օմբուդսմենի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ի առավոտյան Ստեփանակերտում ծեծի ենթարկվելու հետևանքով հոսպիտալացվել էր Ազգային ժողովի պատգամավոր, ՙԱզգային վերածնունդ՚ կուսակցության նախագահ և պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի համախող Հայկ Խանումյանը: Հունիսի 5-ին Ստեփանակերտում հանրահավաքի մասնակիցները նախագահ Բակո Սահակյանից պահանջել էին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար նշանակել Սամվել Բաբայանին: Սակայն Բակո Սահակյանը հրաժարվել էր ընդունել Բաբայանի կողմնակիցներին՝ հայտարարելով, թե նման հարցերը փողոցային ճանապարհով չեն լուծվում: Դրանից հետո Խանումյանը հայտարարել էր գեներալին պաշտպանության նախարար նշանակելու համար նախաձեռնող խումբ ստեղծելու և բողոքի ակցիա անցկացնելու մտադրության մասին: «Ստեփանակերտում վարձակալվել է տարածք, որտեղ կգործի նախաձեռնող խմբի գրասենյակը», - նշել էր Հայկ Խանումյանը` չհստակեցնելով ակցիայի անցկացման օրն ու վայրը: Ծեծի ենթարկվելուց հետո Խանումյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ իրեն ծեծի ենթարկելը ոչ այլ ինչ է, եթե ոչ` «բեսպրեդել»: