Սեպտեմբերի 10-ից գունամշակված դիմապակիներով ավտոմեքենաների վարորդների նկատմամբ վարչական արձանագրություններ կկազմվեն
Ի գիտություն վարորդների՝ սեպտեմբի 10-ից վարչական արձանագրություններ կկազմվեն այն վարորդների նկատմամբ, որոնք վարում են գունամշակված առջևի հողմապակիով մեքենաներ. այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
«Քանի որ վարորդի տեսանելիությունը սահմանափակում է»,- ասաց նա և նշեց, որ այսօրվանից տրվում է 12 օր ժամանակ՝ գունամշակված դիմապակիները գործարանային տեսքի բերելու համար:
Հիշեցնենք, որ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Նորիկ Սարգսյանն անդրադարձել էր նաև ճանապարհատրասնպորտային պատահարներին և դրանց հետևանքով զոհերի թվաքանակին՝ նշելով, որ այս տարի այդ ցուցանիշները նվազել են։
«Վիճակը կարելի է բավարար գնահատել և տարեցտարի աճող տենդենցի պայմաններում, ընդհակառակը, պատկերը փոխվել է: Այսօրվա դրությամբ տարեսկզբից ՀՀ-ում արձանագրվել է 1972 ՃՏՊ, զոհերի թիվը 150-ն է, իսկ վիրավորվել է 2794 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների քանակը նվազել է 174-ով, զոհերի թիվը 53-ով է կրճատվել, իսկ վիրավորների թիվը 253-ով: Առաջին անգամ աճի տենդենցը կանգնել է և ոչ թե 53, այլ 80 մարդու կյանք է փրկվել»,-ասել էր նա: