Միջերկրական ծովում աղետի ենթարկված ներգաղթյալների նավից փրկել են 5 օրական երեխայի (լուսանկարներ, տեսանյութ)
Օգոստոսի 29-ի առավոտյան Միջերկրական ծովով Լիբիայից Եվրոպա ներգաղթյալներ տեղափոխող նավն աղետի է ենթարկվել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել Լիբիայի ափից մոտ 20 կմ հեռավորության վրա: Ներգաղթյալների մեծ քանակության պատճառով մոտ 700 ուղևոր տեղավորվել է նավի տախտակամածի տարբեր մասերում, ինչը, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելված է:
Աղբյուրը մանրամասնում է, որ ուղևորների մեծ քանակության պատճառով նավի տախտակամածը ծակվել է, ու ջուրը սկսել է արագորեն ներս լցվել: Որոշ ուղևորներ հագել են ձեռքի տակ եղած փրկարարական բաճկոններն ու դուրս ցատկել նավից, մյուսները ստիպված են եղել սպասել փրկարարների ժամանմանը:
Նշվում է, որ իսպանական NGO Proactiva Open Arms կազմակերպությունը նավակներ ու փրկարարական բաճկոններ է բերել դեպքի վայր ու փրկել ներգաղթյալներին: Նրանց թվում եղել է նաև 5 օրական երեխա, որին փրկարարները հանել են ջրից ու հանձնել նրա հորը: