«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը կվիրահատվի 10-14 օրից. «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը կվիրահատվի 10-14 օրից, որովհետև նրա ոտքի վերքը թույլ չի տալիս վերջնական ֆիքսացիայի մասին խոսել: Այս մասին «Էրեբունի» ԲԿ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը:
Հարցին, թե վերջնական ֆիքսացիայից հետո կրկին վիրահատության կարիք կլինի, քանի որ փաստաբանները բարձրաձայնում են, որ իրենց պաշտպանյալները մի քանի վիրահատության կարիք ունեն, Մանուկյանը պատասխանեց. «Չգիտեմ փաստաբանները որ աղբյուրից են այդ ինֆորմացիան ստանում, սակայն , իհարկե, մեկ տարի անց տեղադրված մետաղական հարթակը հանվում է օրգանիզմից, բայց այդ վիրահատություններն այնքան թեթև են, որ հիվանդը մեկ օր է մնում հիվանդանոցում»:
Հարցին, թե երբ է նախատեսվում «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող «Սասնա ծռերի» մյուս երեք անդամների վիրահատությունները Մանուկյանն ասաց, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» հինգ հիվանդ ունեն, որոնցից մեկն արդեն վիրահատվել է, մյուսին վիրահատում են, մնացել ենք երեքը:
«Թե երբ տեղի կունենան վիրահատությունները, պայմանավորված է վերքերի լավացման և ինֆեկցիայի բացակայության փուլից: Անվտանգ կամ ինֆեկցիոն բարդությունների վտանգների նվազեցման պայմանների դեպքում նոր կվիրահատենք», - ներկայացրեց նա։
Նշենք, որ Հովհաննես Հարությունյանի պաշտպաններն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին, որ Հովհաննես Հարությունյանի վիճակը ծանր է, բուժօգնության կարիք ունի:
Հովհաննես Հարությունյանի քույրը՝ Թամարա Հովհաննիսյանն էլ ասաց, որ դիմում է ներկայացրել « Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանին , որպեսզի թույլտվություն ստանա, որ Հովհաննեսին իրենց ծախսերով տանեն «Յամեր» հետազոտության. «Չենք վստահում այդ ռենտգենի նկարներին, որոնք արվում են իրենց կողմից: Սպասում ենք, թույլ կտան արդյոք»: