«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի վիրահատությունը նորմալ է անցել
Ավարտվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի ոտքի վիրահատությունը, տեղադրվել է տիտանային հարթակ, կոտրվածքը ֆիքսվել է և ամեն ինչ արվել է պլանավորածի համաձայն։ Այս մասին վիրահատությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը:
«Վիրահատությունը նորմալ է անցել, կարծում եմ, որ մեկ-երկու օր անց Աշոտ Պետրոսյանը կտեղափոխվի հետագա բուժման «Դատապարտյալների հիվանդանոց»»,-ասաց Մանուկյանը:
«Էրեբունի» ԲԿ-ի տնօրենը տեղեկացրեց, որ այսօր կատարված երկու վիրահատություններն էլ՝ և Արամ Մանուկյանինը, և Աշոտ Պետրոսյանինը, վերջնական վիրահատություններ են.«Դրանք ֆիքսացիաներ են և այդ վիրահատությունների իմաստն այն է, որ հիվանդները շուտ ապաքինվեն և արագ սկսեն քայլել»:
Հարցին,թե Միքայել Մանուկյանը վստա՞հ է, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» պատշաճ և որակյալ բուժօգնություն կցուցաբերվի վիրահատված հիվանդներին,Միքայել Մանուկյանն ասաց, որ որակների մասին չի կարող խոսել, որովհետև ինքն այդ հիվանդանոցի տնօրենը չէ, սակայն այսօր տեղի ունեցած վիրահատությունները փաստում են, որ այնտեղ բուժօգնությունը պատշաճ է կատարվել։
«Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ այդ հիվանդանոցի բժիշկների հետ մենք մշտական կապի մեջ ենք գտնվում, և այն հիվանդներին, որոնց մենք վիրահատել ենք, գտնվում են բավարար վիճակում, դա փաստ է։ Փաստ է նաև այն, որ այդ բավարար վիճակն էր, որ մենք այսօր կարողացանք կատարել երկու բարդ վիրահատություն: Այսինքն, եթե այդ մարդկանց վերքերը չլավանային, մենք վերջնական վիրահատություն չէինք կարողանա անել: Այստեղից պետք է հետևություն անել, որ դատապարտյալների հիվանդանոցում բուժօգնությունը պատշաճ է իրականացվում»,– ասաց նա:
Հարցին, թե հարազատներին թույլատրվո՞ւմ է տեսակցել վիրահատվածներին, Մանուկյանն ասաց, որ ինքն այդ հարցի պատասխանը չունի, որովհետև նրանք գտնվում են իրավապահ մարմինների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ այսօր վիրահատվել է նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանը:
«Սասնա ծռերի» անդամներից «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող ևս երեք հիվանդներ ենթակա են վիրահատության՝ Պավել Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանն ու Արմեն Լամբարյանը: