Apple-ն Իռլանդիային ռեկորդային 13 միլիարդ եվրո կվճարի
Եվրահանձնաժողովը պարտադրել է ամերիկյան Apple ընկերությանը 13 միլիարդ եվրո վճարել Իռլանդիայի իշխանություններին:
Ռեկորդային գումարը նախատեսված է որպես ընկերության կողմից հարկերը ոչ ամբողջական կերպով վճարելու պատճառով իռլանդական տնտեսության կրած կորուստների փոխհատուցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հակամենաշնորհային հետաքննությունը, որի արդյունքներով կայացվել է որոշումը, տևել է երեք տարի:
Այդ ընթացքում եվրոպացի պաշտոնյաները եկել են եզրակացության, որ ամերիկյան ընկերությունն Իռլանդիայում չհիմնավորված հարկային արտոնություններ է ստացել, ինչը թույլ է տվել նրան վճարել զգալիորեն ավելի քիչ հարկ, քան մրցակիցները:
Նշվում է, որ ԵՄ-ի տվյալներով՝ Իռլանդիայի կառավարության որոշմամբ 1991 և 2007 թվականներին Apple ընկերությանը թույլ է տրվել նվազեցնել այդ երկրում հարկային վճարումների չափերը:
Ընկերության կառուցվածքը թույլ է տվել նրան օրինական կերպով միջազգային վաճառքներ իրականացնել Իռլանդիայի միջոցով և այդկերպ օգտվել այդ հարկային արտոնություններից: