Հանցագործություն կատարած աղջիկը խնդրել է փոխել հետախուզման հայտարարությանը կցված իր «անհաջող» լուսանկարը (լուսանկարներ)
Ավստրալիայում բանտից փախուստի դիմած Էմի Շարփը պահանջել է փոխել լուսանկարը, որը 7 News Sydney-ը հրապարակել է Facebook-ում նրա հետախուզման մասին հայտարարությանը կից, գրում է lenta.ru-ն:
Հեռուստաալիքի հրապարակման մեջ հաղորդվում է, որ ոստիկանությունը հետախուզում է 18-ամյա Շարփին, ով փախել է ուղղիչ հաստատությունից: Բացի արտաքին նկարագրություններից և նրա հատուկ նշաններից՝ հայտարարությանը կցվել են նաև աղջկա լուսանկարները, որոնք հավանաբար արվել են բանտում:
Հրապարակումը տեսել է նաև փախուստի դիմած աղջիկը, ով խնդրել է հեռուստաալիքին փոխարինել լուսանկարներն ավելի հաջող լուսանկարներով և անգամ իր տարբերակն է առաջարկել:
«Խնդրում եմ, օգտագործեք այս լուսանկարը, շնորհակալություն: Սիրով ձեր Էմի Շարփ»,- գրել է նա:
Շարփի հայտարարությունը կարճ ժամանակ անց ավելի քան 62 հազար «լայք» է հավաքել և տասնյակ հազար մեկնաբանություններ:
Facebook-ի օգտատերերը պաշտպանել են աղջկան և գովել նրան այդ քաջ և հանդուգն քայլի համար: Որոշ օգտատերեր անգամ Շարփին ֆինանսական օգնություն են առաջարկել: