ԵՄ խորհուրդը հաստատել է ավիաուղևորների տվյալների փոխանակության մասին հրահանգը
ԵՄ խորհուրդը հինգշաբթի օրը հաստատել է ավիաուղևորների տվյալների փոխանակության և կես տարվա ընթացքում դրանք պահելու մասին կարգադրությունը։ Այդ մասին ասված է Խորհրդի տեղեկագրում, հաղորդում է РИА Новости-ն:
«Խորհուրդը 2016 թվականի ապրիլի 21-ին հաստատել է ուղևորների մասին տվյալների օգտագործման մասին կարգադրությունը՝ ահաբեկչական հանցագործությունները կանխելու, հայտնաբերելու, հետաքննելու համար»,- հաղորդվում է տեղեկագրում:
Նոր կանոնակարգի շրջանակում ավիափոխադրողները պարտավոր կլինեն ԵՄ անդամ երկրների իշխանություններին տրամադրել ԵՄ ժամանող կամ ԵՄ-ից թռչող չվերթների ուղևորների տվյալները։
«Դա նաև թույլ կտա, բայց չի պարտավորեցնի անդամ երկրներին հավաքել ներեվրոպական չվերթների ուղևորների տվյալները: Ընդ որում՝ հաշվի առնելով Եվրոպայում ներկայիս իրավիճակը՝ բոլոր անդամ երկրները հայտարարել են, որ այդ կանոնակարգի իրականացման ժամկետի շրջանակում նրանք ամբողջապես կօգտագործեն հոդված 2-ով ընձեռված հնարավորությունը՝ ներառելով ԵՄ-ի ներսում ընտրված չվերթներ»,- նշվում է տեղեկագրում:
Փաստաթղթում հաղորդվում է, որ տվյալներն իսկզբանե կպահպանվեն վեց ամիս, իսկ այնուհետև գաղտնի կերպով կպահպանվեն ևս չորսուկես տարի։