Լարիջանի. Իրանն ու ՌԴ-ը պետք է համոզեն ՀՀ-ին ու Ադրբեջանին կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Իրանն ու ՌԴ-ը պետք է օգտագործեն իրենց հնարավորությունները համոզելու համար ՀՀ-ին ու Ադրբեջանին քաղաքական ճանապարհով կարգավորել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:
Նրա խոսքով, գլխավոր խնդիրներից մեկը, որը գրավում է իրենց ուշադրությունը Ադրբեջանի ու ՀՀ-ի միջև հակամարտությունն է: Այդ տարածաշրջանում բավական է տուրբուլենտությունն ու պատերազմները՝ իրենք չպետք է թույլ տան նոր պատերազմներ: Լարիջանին նշել է, որ իրենք կիսում են ռուսաստանցի գործընկերների կարծիքը, որ չի կարելի թույլ տալ հակամարտության տարածումը տարածաշրջանում: Ըստ նրա, Իրանն ու ՌԴ-ը պետք է օգտագործեն իրենց հնարավորությունները՝ համոզելու համար ՀՀ-ին ու Ադրբեջանին քաղաքական ճանապարհով կարգավորել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, փոխանցում է РИА Новости-ն:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը:
Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 92 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: