Հայաստանում էր ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի նպատակը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարաշտաբային դասընթացի ունկնդիրների համար օպերատիվ պլանավորման գործընթացի վերաբերյալ դասընթացի անցկացումն էր:
Միջոցառման ընթացքում Հայաստանի Զինված ուժերի օպերատիվ-մարտավարական օղակի ապագա հրամանատարներին և շտաբային սպաներին են ներկայացվել դասախոսություններ օպերատիվ միջավայրի համակողմանի վերլուծության և նախապատրաստման, իրավիճակի գնահատման, մարտական առաջադրանքի պարզաբանման, գործողության մտահղացման մշակման և օպերացիաների ուրվագծման և պլանավորման գործընթացների այլ փուլերի վերաբերյալ: Դասընթացի ավարտին ունկնդիրներին շնորհվել են հավաստագրեր:
Հայաստանի Զինված ուժերի օպերատիվ պլանավորման գործընթացը ռազմական և մարտական գործողությունների վարման ձևերի ու եղանակների ավելի լայն հասկացության բաղադրիչներից մեկն է, որը «Խելամիտ պաշտպանության» համակարգի ձևավորման շրջանակում ենթարկվում է վերափոխման՝ այդ թվում նաև միջազգային խորհրդատվության ներգրավմամբ, ասված է հաղորդագրությունում: