ԱԳՆ. Այն, ինչ առաջարկում են միջնորդները, հայկական կողմի երազածը չէ. Երևանն զգուշավորությամբ է վերաբերվում հետաձգված հանրաքվեի գաղափարին
Այն, ինչ առաջարկում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով միջնորդները, հայկական կողմի երազանքի սահմանը չէ, սակայն այդ առաջարկությունների հիմքում ընկած է փոխհաձայնությունը, ապրիլի 21-ին լրագրողների հետ զրույցում հաղորդել է փոխարտգործնախարրա Շավարշ Քոչարյանը:
Նրա ասելով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հիմքում ընկած են Կազանի և Մադրիդի փաստաթղթերը: Սակայն տվյալ փուլում բանակցությունների սեղանին վերջնական փաստաթուղթ չկա:
Միևնույն ժամանակ, Քոչարյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է: Սակայն տվյալ փուլում, Քոչարյանի ասելով, Կազանում և Մադրիդում քննարկված փաստաթղթերի հիմքում դրված հետաձգված հանրաքվեի գաղափարին հայկական կողմն սկսել է զգուշավորությամբ վերաբերվել: Ինչպես նշել է փոխարտգործնախարարը, Երևանի համար ժամանակին տարօրինակ էր, որ ԼՂՀ անկախության շուրջ արդեն անցկացված հանրաքվեի առկայության պայմաններում միջնորդներն առաջարկում են անցկացնել նոր հանրաքվե: Սակայն, ինչպես հայտարարել է փոխարտգործնախարարը, համանախագահները դա հիմնավորում էին այն հանգամանքով, որ Բաքվին հարկավոր է ժամանակ տալ Ադրբեջանի բնակչությանը ԼՂՀ անկախության անխուսափելիությանը նախապատրաստելու համար` «սեփական հեղինակությունը պահպանելու նպատակով»: «Ժամանակը ցույց տվեց, որ Բաքուն նման բարեհեգության կարիք չունի, և աշխատանք է տարվում հակառակ ուղղությամբ, հակամարտության ռազմականացման ուղղությամբ: Դրանով Հայաստանին ստիպում են բանակցություններ վարել այլ մոտեցումների հիման վրա», - հայտարարել է Քոչարյանը, չհստակեցնելով, թե արդյոք դա նշանակում է հհետաձգված հանրաքվեի գաղափարից լիակատար հրաժարում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, բանակցությունների սեղանին Կազանի փաստաթուղն է, որը ներկայացվել է 2011 թվականին: Այդ մասին հայտարարել էր Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ պայմանագրի բոլոր բաղադրիչները սեղանի վրա են, և կողմերը չափազանց մոտ են կարգավորմանը: «Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել, չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռևս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է տասը նոր առաջարկ և փաստացի խափանել կարգավորման սկզբունքների համաձայնեցումը՚,- հաղորդել էր ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ Կազանի փաստաթուղթը բաղկացած է 14 կետից և ենթադրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում, ինչպես նաև նրա հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը` Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով: Մյուս սկզբունքները վերաբերում են երկու կողմերի փախստականների վերադարձին, միջանկյալ կարգավիճակին, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի անվտանգտությունն ու ինքնակառավարումը, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներին` համաձայնագրի կատարումն ապահովելու համար: