Ոչ մի զիջում, ավելին՝ Ադրբեջանին կարելի է սեղանի շուրջ բերել միայն նոր տարածքներ վերցնելու դիրքից. Հ. Խանումյան
Tert.am-ի հետ զրույցում Արցախի խորհրդարանի «Վերածնունդ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը, անդրադառնալով հարցին, թե արցախյան հարցի կարգավորման բանակցային պրոցեսի համատեքստում արցախցիներն ինչ հնարավոր փոխզիջումային տարբերակներ են տեսնում, նշեց, որ հիմնական մասը «ոչ մի զիջում» տեսակետին է, իսկ մի մասն էլ, ավելին, գտնում է, որ Ալիևին սանձելու համար պետք է նոր տարածքներ «վերցնել»:
-Պարո՛ն Խանումյան, Հայաստան է ժամանում ՌԴ արտգործնախարարը և ենթադրվում է, որ նա Երևան է ժամանում մի ծրագրով, որը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ որպես հայկական կողմից փոխզիջում: Այս պահին Արցախի ժողովուրդը, քաղաքական շրջանակները ի՞նչ փոխզիջումների հնարավորություններ են տեսնում։
-Քաղաքական շրջանակները հստակորեն և հրապարակայնորեն իրենց կարծիքները արտահայտել են և շարունակում են արտահայտել։ Մենք խնդրի մեկ տարբերակ ենք տեսնում՝ ոչ մի զիջում, որովհետև այն ոչ մի բան չի տալու և, հակառակը, խորացնելու է Արցախի անվտանգության ու արցախահայության ֆիզիկական անվտանգության հարցերը: Ավելին՝ կա մի ստվար զանգված, որը գտնում է, որ հարցը կարելի է լուծել նոր տարածքներ վերցնելով, որովհետև Ադրբեջանին կարելի է սեղանի շուրջ բերել միայն այդ դիրքերից: Այլ տարբերակներ, այլ լեզու Ադրբեջանը չի հասկանում, ինքը վերցրել է ռազմական հռետորաբանություն, զինված առաջ գնալու հռետորաբանություն և պետք է հենց այս դաշտում իրեն հստակ պատասխան տրվի ու հենց այս դաշտում իրեն պետք է սեղանի շուրջ դնել: Երբ հիտլերյան Գերմանիան սպառազինվում էր և ագրեսիվ ակտեր էր իրականացնում, նրան խաղաղեցնելու միակ ձևը եղավ նրան կապիտուլյացիայի ենթարկելը: Հետևաբար, Արցախի բոլոր քաղաքական ուժերը դեմ են զիջումներին, և շատ ուժեր կողմեր կողմ են այս տարբերակին:
Իսկ ինչ վերաբերում է լավրովյան, այսպես ասած, ծրագրին, Կազանյան փաստաթղթին, ինչ անուն էլ հիմա տաք, պետք է նշել, որ այս տարիների ընթացքում այդպիսի բազմաթիվ անուններ են եղել` տարբեր մայրաքաղաքների անուններով, Մադրիդյան, Բուդապեշտյան և այլն. մեր գլխավոր նպատակը հենց այդ սկզբունքները վիժեցնելն է և պարտադրելը այն, ինչ ուզում է Արցախի ժողովուրդը:
-Բայց, պարո՛ն Խանումյան, այս տարիների ընթացքում նման անուններով շատ փաստաթղթեր են եղել, բայց 94 թվականից հետո առաջին անգամ լայնածավալ պատերազմ՝ առաջին անգամ:
- Դա ի՞նչ է ցույց տալիս, որ պետք է արագորեն լուծենք որոշակի զինատեսակների խնդիր, վերացնենք ի հայտ եկած թերությունները բանակում և բարձրացնենք կառավարման արդյունավետությունը: Էլ ի՞նչ տարբերակներ գոյություն ունեն:
-Շատ լավ, երբ ասում եք, որ բոլորն այդպես են մտածում, որ ոչինչ չի կարելի զիջել, մի մասն էլ՝ այսպես, որ ավելին, նոր տարածքներ գրավենք, համարում եք, որ խոսում եք իրո՞ք Արցախի մեծամասնության անունից: Եթե այո, ապա դա 90՞ տոկոս է՝ 99,9, 80, 70՞:
-Արցախի խորհրդարանում գտնվող քաղաքական ուժերը ստացել են ժողովրդի ձայների 97 տոկոսից ավելին: Այսինքն` այդ քաղաքական ուժերն արտահայտում են Արցախի մեծամասնության, եթե կուզեք, ողջ մեծամասնության կարծիքը: Եվ չեմ կարծում, որ այն ուժերը, որոնք խորհրդարանում չհայտնվեցին, տարբերվող կարծիք ունեն: Մանավանդ, որ այդ դեպքերը ցույց տվեցին, որ բանակը պատրաստ էր և հնարավորություն ուներ նոր տարածքային առավելություն ձեռք բերել թշնամու նկատմամբ, ուղղակի քաղաքական կամքը չհերիքեց: