Մինսկի խումբը դարձել է Boney M, ABBA, ուղղակի լավ չեն երգում. ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր
ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Նելսոն Մինասյանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցելության հետ հույսեր չի կապում:
Ավելին՝ Մինասյանը վստահեցնում է, որ Արցախում բոլորն իրենց հույսը իրենց վրա են դրել, որովհետև գիտեն՝ ինչպես պայքարել թշնամու դեմ:
«Մեր հույսը մենակ մեզ վրա է: Լավրով, Օբամա, Պուտին, դրանք մեզ համար ոչ մի նշանակություն չունեն: Մեր հավատը մենք ենք»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավորը:
Նելսոն Մինասյանը նշեց, որ իրենք ընտելացել են, գիտեն՝ որտեղ են ապրում, ինչպիսի հարևանի կողքին, ուստի ցանկացած պահի պատրաստ են հակահարված տալու ադրբեջանական արկածախնդրությանը:
«Մենք միշտ պատրաստ ենք, միշտ… Հենա, ստորագրություն էր եղել, թե զինադադար է, բայց 22 տարի անց նորից կրկնվեց: Մենք ամեն րոպե պատրաստ ենք հակահարված տալ ու խոսակցությունները, թե զենք չունենք, սխալ ա: Ինչ ունենք, բավարար է։ Իհարկե, որ նոր զենքեր ունենանք, լավ կլինի, բայց 100 տարի առաջվա զենքն էլ, հիմիկվա զենքն էլ նույն փամփուշտով է կրակում, երեկվա հրացանն էլ էսօրվա հրացանն էլ նույն փամփուշտով են կրակում։ Սաղ աշխարհը T70 տանկով է կռվում, մենք էլ դրանից ունենք: Էս առաջին անգամը չի էլի, գիտենք, պատրաստ ենք…»,- նշեց պատգամավորը՝ խորհուրդ տալով չանհանգստանալ, որ գուցե ինչ-որ տեղ մեր զենքերը ժամանակակից լինելու առումով փոքր-ինչ զիջում են ադրբեջանական ԶՈՒ-ին, բայց երբ պատերազմ լինի, «էդ զենքերը գնալու ենք, վերցնելու ենք, ոնց որ 92-ին արեցինք՝ գնացինք, վերցրինք իրանց զենքը, որ իրանց դեմ կռվենք»:
Նելսոն Մինասյանը նշեց, որ Մինսկի խմբից էլ ակնկալիքներ չունի. «Էն խմբեր կան է՝ Boney M, ABBA, լրիվ էդ նույն խումբն ա, լրիվ դրանց պես խումբ ա, ուղղակի լավ չեն երգում: Քանի տարի ա՝ բան չեն անում, ոչ մի լավ բան իրանցից չենք տեսել, թուրքը իրանց չի ենթարկվում, մենակ աշխատավարձ են ստանում… Դրա համար մենք մենակ մեզ ենք հավատում, մեր զինվորներին»: