Լուկաշենկոն կոչ է արել Ռուսաստանին իր երկրին «կամակատար» չհամարել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է անում ռուսներին և ՌԴ ղեկավարությանը հաշվի առնել պետության ինքնիշխան և անկախ կարգավիճակը, հաղորդում է interfax.ru-ն:
«Ես ցանկանում եմ, որ ռուսները, հատկապես՝ Ռուսաստանի ղեկավարությունը, հասկանան, որ մենք կամակատար չենք լինելու: Մենք ինքնուրույն, ինքնիշխան պետություն ենք, որը ձեզ հետ մի տանն է ապրում, բայց իր բնակարանն ունի: Թեկուզ փոքր, բայց իր բնակարանը: Իմիջիայլոց, սա նաև Ռուսաստանի ներկայիս նախագահի խոսքերն են»,- ասել է Լուկաշենկոն հինգշաբթի օրն Ազգային ժողովին և Բելառուսի ժողովրդին ուղղված ամենամյա ուղերձում:
«Ռուսաստանի նախագահը պատրաստ է դրա վրա կառուցել մեր հարաբերությունները: Ինչո՞ւ որոշները, այդ թվում՝ նաև իշխանամետ «բարձրախոսները», այլ բանի վրա են կենտրոնանում և սկսում զրպարտել։ Հարկավոր է դրան վերջ տալ, դա լավ բանի չի բերի»,- հավելել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նաև պահանջել էր 2016 թվականին առնվազն 1.5 մլրդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավել երկրի տնտեսության մեջ։
«Այս տարի տնտեսական աճի վերականգնման նպատակով անհրաժեշտ է ներգրավել առնվազն 1.5 մլրդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ»,-հայտարարել էր Լուկաշենկոն խորհրդարանին ու ժողովրդին հղած ուղերձում։