Փաստահավաք աշխատանք է տարվում ՝ ադրբեջանական վայրագությունները միջազգային ատյաններում ներկայացնելու համար. Լարիսա Ալավերդյան
Հայաստանն ունի բոլոր հիմքերը Հաագայի միջազգային քրեական դատարան, ՄԻԵԴ և այլ միջազգային կառույցներ դիմելու համար՝ ադրբեջանական վայրագությունները որպես հանցագործություն գնահատելու պահանջով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Վերջինս նշեց, որ չի կարող առայժմ ժամկետներ հնչեցնել՝ թե երբ են իրենք դիմելու միջազգային համապատասխան ատյաններ, քանի որ այդ ուղղությամբ տարվում է նախնական, բայց շատ մեծ աշխատանք:
«Տարվում է փաստահավաք աշխատանք, վերլուծություններ են արվում, որոնց արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է: Երբ աշխատանքն ավարտվի, դուք այդ մասին կիմանաք: Հանգիստ եղեք, ժամանակից չենք ուշանա, քայլերը տարվում են»,- նշեց նա՝ դժվարանալով ասել նաև, թե նախնական արդյունքների տվյալներով քանի գործ կլինի, ինչ հայցեր և որ ատյաններին կարող է դիմել Հայաստանը:
Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմի ժամանակ վայրագություններ են իրականացվել ոչ միայն զինվորականների, այլև՝ խաղաղ բնակիչների շրջանում: