ՌԴ արդարադատության նախարարությունը Սավչենկոյին հանձնելու հայտ է ստացել Ուկրաինայից
ՌԴ արդարադատության նախարարությունը ստացել է ուկրաինական կողմի դիմումը փաստաթղթերի ներկայացման մասին, որոնք անհրաժեշտ են ՌԴ-ում դատապարտված ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին Ուկրաինային փոխանցելու համար, որտեղ էլ նա կկրի իր պատիժը: Այս մասին հաղորդում է Meduza գործակալությունը` վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նախարարությունում պարզաբանել են, որ բանտարկյալին տեղափոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ուղղիչ հաստատությունը փոխանցում է Պատիժների իրագործման դաշնային ծառայությանը, որտեղից էլ դրանք ուղարկվում են Արդարադատության նախարարությունը: Նախարարությունում արդեն դրանք ստուգվում են` ըստ Կալանավորների փոխանցման մասին կոնվենցիայի համապատասխանության:
Նախարարությունից հայտնել են՝ անհրաժեշտ փաստաթղթերի ստուգումից հետո Սավչենկոյի տեղափոխման հարցը կորոշվի դատարանով:
Հիշեցնենք, որ ռուսական դատարանը ուկրաինուհի օդաչու, զինծառայող Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել Դոնբասում ռուս լրագրողների սպանության գործով և դատապարտել 22 տարվա ազատազրկման: