Դաշնակցությունը և ՀՀԿ-ն ստորագրեցին համագործակցության համաձայնագիր
Փետրվարի 24-ին ՀՀ նախագահի նստավայրում Հայաստանի hանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, ՀՀԿ կողմից այն ստորագրել է կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, իսկ Դաշնակցության կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Ստորև ներկայացնում ենք Քաղաքական համագործակցության համաձայնագրի տեքստը որոշակի կրճատումներով: Համաձայնագրի տեքստը բաղկացած է ընդհանուր դրույթներից, երկրորդ մասում նշված են քաղաքական համագործակցության ռազմավարական ուղղությունները տարբեր բնագավառներում, իսկ վերջում՝ քաղաքական համագործակցության կազմակերպման կարգը: ՀՅԴ-ն և Հանրապետական կուսակցությունները իրենց համագործակցության հիմքում դնում են ներքին և արտաքին մարտահրավերները հաղթահարելու հրամայականը, Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու ժողովրդավարական կայունությունը, սահմանադրության փոփոխությունների ընձեռած հնարավորություններն ու հանրային կյանքի սահմանադրականացման հանձնառությունները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում ամրագրված մոտեցումներ, կառավարության ծրագիրը և այլն:
Երկու քաղաքական ուժերը պատրաստվում են ծավալել ռազմավարական համագործակցություն հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական բնագավառներում:
հասարակական-քաղաքական բնագավառում`
Շարունակել բարեփոխել մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող համակարգը՝ ապահովելով մարդու արժանապատվության անխախտելիությունն ու իրավունքի գերակայության սկզբունքի լիարժեք իրացումը:
Ընտրական նոր օրենսգրքով և Հանրաքվեի մասին նոր օրենքով երաշխավորել ազատ, հանրության համար վստահելի ընտրությունների և հանրաքվեների կազմակերպումն ու անցկացումը, անմիջական ժողովրդավարության սահմանադրական նորմերի գործադրումը:
Կուսակցությունների մասին նոր օրենքով նպաստել քաղաքական ուժերի միջև մրցակցության, հանդուրժողականության և համագործակցության մթնոլորտի խորացմանը, բազմակուսակցական համակարգի ամրապնդմանը ու ներքին ժողովրդավարության զարգացմանը, ապահովել կուսակցությունների գործունեության հավասար իրավական հնարավորություններ:
Դատական նոր օրենսգրքով և Սահմանադրական դատարանի մասին նոր օրենքով ամրապնդել անկախ և անաչառ դատական համակարգի գործունեության իրավական երաշխիքները:
Ազգային ժողովի Կանոնակարգ նոր օրենքով ապահովել օրենսդիր մարմնի արդյունավետ գործունեությունը՝ երաշխավորելով ընդդիմության հավասարակշռող-հակակշռող քաղաքական գործառույթը:
Վերանայել Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը և ձևավորել կայուն զարգացում երաշխավորող, պատասխանատու և արդյունավետ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգեր:
Բարձրացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, հանրային ֆինանսների օգտագործման արդյունավետությունը, հաշվետվողականությունը և պատասխանատվության մակարդակը:
Ապահովել հանրային իշխանության՝ իրավունքով սահմանափակված լինելու սահմանադրական սկզբունքի լիարժեք գործադրումն ու գործառույթ-ինստիտուտ-լիազորություն-պատասխանատվություն շղթայի անխափան գործունեությունը:
Գործադրել շահերի բախման հնարավոր դեպքերը բացահայտելու ու կանխելու, անօրինական գործունեության համար անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու, բիզնեսն ու հանրային իշխանությունը տարանջատելու ամբողջական համակարգ:
Քաղաքացիական հասարակության և ընդդիմության գործուն մասնակցությամբ ձևավորել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ համակարգ: Օրենքով վերանայել բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները, լիազորությունները և պատասխանատվությունը:
Վարել արհեստավարժության և հանրային վստահության չափանիշներին համապատասխանող կադրային քաղաքականություն՝ շարունակաբար լայնորեն ներգրավելով երիտասարդներին պետության կառավարման գործում:
Շարունակել կատարելագործել վարչական մարմինների գործունեությունը, այդ թվում` սահմանված պարտադիր վճարներն ու տուգանքները գանձելու մեխանիզմներին վերաբերող կառուցակարգերն ու ընթացակարգերը՝ անհրաժեշտության դեպքում հավելյալ օրենսդրական կարգավորումների, հատկապես օրենքների միասնական և հետևողական կիրառման միջոցով գործնականում ապահովելով վարչարարության համաչափության, պատշաճ վարչարարության, այդ թվում՝ լսված լինելու սահմանադրական իրավունքները՝ հիմնական իրավունքների սահմանափակմանը վերաբերող սահմանադրական պահանջների, ներառյալ՝ հիմնական իրավունքների և ազատությունների էության անխախտելիության և որոշակիության սկզբունքի համատեքստում:
Սոցիալ-տնտեսական բնագավառում`
Տնտեսական քաղաքականության հիմքում դնել սոցիալական շուկայական կողմնորոշումը: Կառուցվածքային բարեփոխումների միջոցով շարունակել տարազանել և բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակության աստիճանը:
Համատեղ ջանքեր ներդնել 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 86-րդ հոդվածով նախատեսված` պետության հիմնական նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ:
Բարձրացնել պետական սեփականության կառավարման և հանրային բարիքների տրամադրման որակն ու արդյունավետությունը, սեփականության իրավունքի և ներդրումների պաշտպանության մակարդակը:
Գործադրել ակտիվ հակամենաշնորհային քաղաքականություն և գործնականում երաշխավորել ազատ ձեռներեցությունը, տնտեսական գործունեությունն ու մրցակցությունը:
Խթանել խնայողությունների ձևավորումը, ներդրումների ներգրավումը, աշխատատեղերի ստեղծումը, իրագործել տարածքների համաչափ ու կայուն զարգացման ծրագրեր, վերանայել հարկային քաղաքականությունը:
Մեծացնել տնտեսության դրամայնացման աստիճանը, գյուղատնտեսությունում, փոքր ու միջին բիզնեսում համակարգային լուծումների միջոցով նվազեցնել թանկ և արտարժույթով արտահայտված վարկերից կախվածությունը, սոցիալական գյուղատնտեսությունից անցում կատարել արդյունաբերական գյուղատնտեսության:
Աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական ապահովության և առողջության պահպանման ոլորտների քաղաքականության հիմքում դնել անձի արժանապատիվ գոյությունը, աղքատության նվազեցումը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, պետական պարտադիր և կամավոր ապահովագրական համակարգերի զուգահեռ գործունեությունը:
Շարունակաբար բարձրացնել կրթական համակարգի որակը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման, ակադեմիական և հետազոտական ազատությունների աստիճանը, զարգացնել հիմնարար և կիրառական գիտությունները, ուժեղացնել աշխատաշուկայի և կրթական համակարգի միջև կապը, որակյալ կրթական ծառայությունների մատուցումը վերածել տարածաշրջանում Հայաստանի տնտեսության մրցակցային առավելության:
Գործնական քայլերով նպաստել պետության կենսագործունեության բոլոր բնագավառներում կանանց դերակատարման բարձրացմանը, կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանմանը:
Շարունակել հետամուտ լինել ազգային մշակութային ժառանգության պահպանմանն ու միջազգայնացմանը, արվեստների զարգացմանը:
Ակտիվ ժողովրդագրական քաղաքականության, բազմակենտրոն և համաչափ զարգացման ծրագրերի իրականացմամբ նպաստել ազգաբնակչության թվաքանանակի աճին:
Զարգացնել և ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության համակարգերը:
Շարունակել քայլեր ձեռնարկել Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման, հայոց պետականության ամրապնդման, հայապահպանման և հայրենադարձության կազմակերպման գործում հայկական սփյուռքի դերի ու մասնակցության խորացման ուղղությամբ:
Քաղաքական համագործակցության կազմակերպման կարգը
Քաղաքական համագործակցության դաշտը ներառում է պետության կյանքի ներքին և արտաքին բոլոր ոլորտները:
Քաղաքական համագործակցության կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, տարաձայնությունները բանակցությունների և քննարկումների միջոցով լուծելու մոտեցումներով` հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության ամբողջական պատասխանատվության գիտակցմամբ:
Քաղաքական համագործակցության կողմերը պարտավորվում են՝
Համագործակցության ուղղություններին համապատասխան իրականացնել հայեցակարգային և ռազմավարական նշանակության նախագծերի քննարկում՝ միասնական դիրքորոշում ձևավորելու նպատակով:
Համատեղ ջանքեր գործադրել պետական կառավարման արդյունավետության բարձրացման և նրա նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում` կառավարության կառուցվածքին, գործունեության կարգին և կադրային քաղաքականությանը վերաբերող որոշումներ կայացնելիս:
Համագործակցության կողմերից մեկի առաջարկությամբ` քննարկման առարկա դարձնել Ազգային ժողովի և Կառավարության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:
Ապահովել համագործակցության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը իշխանության տարբեր մակարդակներում և օղակներում:
Քաղաքական համագործակցության աշխատանքների արդյունավետության, կանոնավոր միջկուսակցական շփումների ապահովման և տեսակետների համադրման նպատակով ձևավորվում է համագործակցության խորհուրդ: Խորհրդի գործունեությունը իրականացվում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են կանոնավոր պարբերականությամբ:
Համագործակցության կողմերի տարաձայնությունները լուծվում են խորհրդատվությունների միջոցով: Խորհրդատվությունների արդյունքների վերաբերյալ կողմերի տեսակետները կարող են հրապարակվել և մեկնաբանվել կողմերի փոխհամաձայնությամբ: Անհաղթահարելի տարաձայնությունների առաջացման դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դադարեցնել քաղաքական համագործակցությունը: