Ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագիրը, նշանակվեցին նախարարներ ու մարզպետներ
Հայաստանի նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության ու Հայ հեղափոխական դաշնակցության միջև համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումից հետո կեղմերը հայտարարեցին, որ համագործակցության հիմքում երկու կուսակցությունների արժեհամակարգային նմանություններն են:
Նշենք, Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ազգային սոցիալիստական գաղափարախոսության կրող է, իսկ ՀՀԿ-ն ազգային պահպանողական:
ՀՀԿ-ՀՅԴ Քաղաքական համագործակցության համաձայնագիրը երկար աշխատած հիմնարար փաստաթուղթ է, որն անդրադառնում է մեր երկրի կյանքի գրեթե բոլոր ոլորտներին: Հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Ինչ-որ առումով, ըստ նրա, սա ճանապարհային քարտեզ է, որտեղ դրված են երկու կուսակցությունների համադրելի նպատակները, նաև երկրի նախագահի վերջին ելույթի այն դրույթները, որոնք ընդհանուր են:
Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ «այլևս պատասխանատվությունն ընդհանուր է», վերաբերում է բոլոր ոլորտներին և բխում է ժողովրդի շահերից:
«Քաղաքական նոր մշակույթի սկիզբ է դրվում Հայաստանի քաղաքական դաշտում, քանի որ այս համաձայնագիրը ոչ հետընտրական կոալիցիա է, ոչ էլ նախընտրական դաշինք», - նշեց ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, - «Այս համաձայնագիրը սկիզբ է դնում քաղաքական երկարատև համագործակցության, որը խարսխված է արժեհամակարգային ընդհանրությունների և միասնական նպատակների և գործողությունների ծրագրի վրա»:
Համաձայնագրի ստորագրումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար, իսկ Արմեն Երիցյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար:
Նախագահի մեկ այլ հրամանագրով տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել է՝ տարածքային կառավարման և զարգացման և արտակարգ իրավիճակների նախարարության:
ՀՅԴ բյուրոյին անդամ Լևոն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար: Ասյպիսով նա չորրորդ անգամ է ղեկավարելու այդ գերատեսչությունը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշանակվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար: Այդ պաշտոնից նախագահի հրամանագրով ազատվել է Կարեն Ճշմարիտյանը:
Ըստ Աղվան Վարդանյանի՝ Շիրակի մարզպետ կնշանակվի Դաշնակցության ներկայացուցիչ Հովսեփ Սիմոնյանը, Արագածոտնի մարզպետ՝ Գագիկ Գյոզալյանը: