ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել հերքումով
ՎՏԲ-Հայաստան Բանկը հերքել է որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվություն այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկի դիմաց ամսական սպասարկման գումարը գերազանցում է ամսական տոկոսադրույքը եւ մայր գումարի մարման գումարը:
Բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ վերը նշվածը չի համապատասխանում իրականությանը:
«Բանկի եւ հաճախորդի կողմից կնքվող վարկային պայմանագրերը ներառում են վարկային պարտավորությանը վերաբերվող բոլոր պայմանները, այն է՝ ժամկետ, գումար, անվանական տոկոսադրույք, փաստացի տոկոսադրույք, կոմիսիոն վճարներ եւ այլն: Ինչպես նաեւ, որպես վարկային պահմանագրի հավելված, հաճախորդին տրամադրվում է վարկային պարտավորության մարման ժամանակացույց, որտեղ հստակ ներկայացված են վարկի՝ ըստ ժամանակացույցի մարման ենթակա գումարների մանրամասները:
Համաձայն բանկում գործող սակագների՝ վարկի սպասարկման վճարը իր չափով չի կարող գերազանցել տոկոսների եւ մայր գումարի մարման ընդհանուր գումարին:
Ինչպես նաեւ, 2015թ. փետրվար ամսից սկսած, սպառողական վարկերի վարկային պայմանագրի եւ վարկի մարման ժամանակացույցի հետ միասին, հաճախորդներին տրամադրվում է նաեւ վարկի էական պայմանների ամփոփաթերթիկ, որտեղ ի հավելումն վարկային պայմանագրի, եւս մեկ անգամ նշվում են սպառողական վարկի էական պայմանները, մասնավորապես՝
- Վարկի վերաբերյալ դրական որոշման ամսաթիվը,
- Վարկի անվանումը,
- Վարկի գումար,
- Վարկի ժամկետ,
- Տարեկան անվանական տոկոսադրույք,
- Վարկի փաստացի տոկոսադրույք,
- Վարկի մարման ընդհանուր վճար /վարկի մայր գումար + տոկոսագումար + այլ վճարներ/,
- Վարկի տոկոսագումարների ընդհանուր վճար,
- Այլ վճարներ,
- Վարկի սպասարկման վճարի դրույք եւ այլն:
ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրվող վարկերի պայմանները համապատասխանում են սպառողական վարկավորման ոլորտում գործող ՀՀ օրենքներին եւ վերոնշյալ բոլոր փաստաթղթերին ծանոթացումը, փաստաթղթերի ստացումը հաստատվում են հաճախորդի ստորագրությամբ»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հորդորում է լրատվամիջոցներին ստույգ տեղեկատվություն ստանալու համար դիմել բանկի մամուլի ծառայություն՝ 51-37-49 (ներք. 34 12) հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստով` pr@vtb.am: