Փորձագետ. Ալիևի այցը Թեհրան հայ-իրանական հարաբերությունների համար ռազմավարական սպառնալիք չի կրում
: Աշխարհաքաղաքական առումով Հայաստանը կմնա Իրանի կարևորագույն գնործընկերներից մեկը տարածաշրջանում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի այցը Թեհրան:
Փորձագետը համոզված է, որ ադրբեջանաիրանական տնտեսական հարաբերությունների համար հնարավորություններն ավելի շատացել են, որոնք կողմերը կփորձեն իրագործել: Մասնավորապես, նախատեսվում է երկրորդ երկաթուղային ճյուղի բացումը երկու երկրների միջև, կիրագործվեն մի շարք այլ նախագծեր:
Ընդ որում, Մինասյանը կոչ է անում չմոռանալ Բաքվի և Թեհրանի միջև լուրջ գաղափարական տարաձայնությունների մասին, որոնք հազիվ թե հարթվեն առաջիկայում: Բացի այդ, արևմտյան պատժամիջոցների ժամանակ հենց Հայաստանն է եղել Իրանի համար յուրովի օդանցք և թույլ է տվել պահպանել կապը Ռուսատանի հետ: Փորձագետը նաև կարծում է, որ հայաստանը կդառնա կապող օղակ Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև էներգետիկ կամուրջ ստեղծելու համար:
«Կարծում եմ, որ Ալիևի այցը Թեհրան ռազմավարական առումով ոչ մի սպառնալիք չի կրում հայ-իրանական հարաբերությունների համար: Թե Երևանը, թե Թեհրանը կշարունակեն օգտագործել փոխգործակցության առկա ներուժը», - եզրափակել է Մինասյանը:
Նշենք, որ փետրվարի 23-ին Թեհրանում Ադրբեջանի և ԻԻՀ նախագահներ Իլհամ Ալիևի և Հասան Ռոուհանիի մասնակցությամբ երկու երկրների միջև ստորագրվել է համագործակցության շուրջ 11 համաձայնագիր, այդ թվում` Էլեկտրաէներգիայի վաճառքի շուրջ համապարփակ համաձայնագիր, Երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության շուրջ համապարփակ համաձայնագիր, Ադրբեջան-Իրան երկաթուղային կամրջի շինարարության ոլորտում համագործակցնության շուրջ համաձայնագիր: