Վրաստանի վարչապետը բաց նամակ է գրել Թրամփին
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Մի քանի շաբաթ առաջ ես ձեզ նամակով դիմեցի վրաց-ամերիկյան հարաբերությունների մասին: Նամակին նախորդել էին իմ հրապարակային հայտարարությունները, որոնցում ներկայացրել էի Վրաստանի պատրաստակամությունը վերսկսել Վրաստանի եւ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը մաքուր էջից: Սակայն մենք դեռ պատասխան չենք ստացել նամակին եւ հրապարակային հայտարարություններին: Ավելին, դեռ չի կայացել բարձր մակարդակի հաղորդակցություն Վրաստանի եւ ԱՄՆ իշխանությունների միջեւ»:
«Այս լռությունը զարմանալի է վրաց ժողովրդի եւ Վրաստանի իշխանությունների համար», - նշել է վարչապետը:
Վրաստանի կառավարության ղեկավարը նաեւ նշել է, որ դեռ գործում են ԱՄՆ-ի կողմից վրացական իշխանությունների որոշ ներկայացուցիչների նկատմամբ կիրառված պատժամիջոցները, այդ թվում փոխվարչապետ, ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի դեմ, որոնք «արդյունավետորեն կանխել են Բայդենի վարչակազմի կողմից պլանավորված եւ USAID-ի միջոցով ֆինանսավորված հեղափոխության փորձը եւ բռնությունը»: