Մահացել է Ֆրանցիսկոս Պապը
Ֆրանցիսկոս Պապը հոսպիտալացվել էր ս.թ. փետրվարի կեսին բրոնխիտով, որն այնուհետեւ վերածվել էր երկկողմանի թոքաբորբի:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Վատիկան էր վերադարձել մարտի 23-ին՝ հիվանդանոցում 38 օր մնալուց հետո:
Ապրիլի 20-ին նա մի քանի րոպե ողջունել էր հավատացյալներին Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից:
2024 թ. նոյեմբերին Վատիկանում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանցիսկոս Պապի հետ: Փաշինյանը շնորհակալություն էր հայտնել Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին՝ հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։
2016 թվականի հունիսի 24-ին մեկնարկել էր Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան:
Ժամանելով Երեւան, նա, մասնավորապես, ասել էր.
«Խոնարհվում եմ Տիրոջը, որ հայ ազգը եղավ առաջինը 301թ., որն ընդունեց քրիստոնեությունը, մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ Հռոմում դեռ շարունակվում էին բորբոքվել հալածանքները: Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել զգեստ, որը կարելի է հագնել կամ հանել՝ պարագաների կամ առիթներով պայմանավորված, այլ սեփական ինքնության բաղկացուցիչ իրականություն, գերազանց պարգեւ՝ ուրախությամբ ընդունելի, ժրաջանությամբ եւ ուժով պահպանելի: Տերը թող օրհնի ձեզ հավատի այս օրինակելի պահպանման համար»: