ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՇՈՒՆՉՆԵՐԸ ՊԱՀԱԾ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՇՈՒՆՉՆԵՐԸ ՊԱՀԱԾ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ
Ալյուրը երկաթով և ֆոլաթթվով հարստացնելու մասին հարցը քննարկելու համար ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով կենսաքիմիկոս, կենսաբան, Միջազգային էկոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս Դոլորես Ղափանցյանը հնարավորություն է ունեցել մոտ երկու ժամ զրուցել նախարարի հետ: Տիկին Ղափանցյանի խոսքով չնայած նախարարը սիրով լսել է ներկայացվող փաստերը, այնուամենայնիվ շարունակել է ապացուցել, որ ալյուրը երկաթով և ֆոլաթթվով հարստացնելը ճիշտ քայլ կլինի: Քննարկումը գիտական բարձր մակարդակ է ունեցել և կողմերը փորձել են հարցն ապացուցողական մակարդակում տարբեր տեսանկյուններից դիտարկել, սակայն տիկին Ղափանցյանին չի հաջողվել առողջապահության նախարարին հակառակը համոզել և կողմերից յուրաքանչյուրը մնացել է իր կարծիքին.
«Մենք մնացինք մեր կարծիքին և պետք է փորձենք վերջնականապես ապացուցել այն, ինչն իրականում ապացուցման կարիք չունի: Դա այդպես է, ուղղակի պետք է կարողանալ թույլ չտալ որ Հայաստանի Հանրապետությունում այն օրենքի ուժ ստանա»,- ասում է տիկին Ղափանցյանը:
Ստացվում է, որ այս խնդրահարույց հարցի քննարկումը քաղաքակիրթ մթնոլորտում անցկացնելը առանձնապես արդյունքի չի հանգեցրել, իսկ նախարարի պատասխաններն էլ չեն բավարարել տիկին Ղափանցյանին քանի, որ իր խոսքով՝ «նախարարը վարչական շատ բարձր պաշտոն է զբաղեցնում և նրան այդքան հեշտությամբ հնարավոր չէ բերել այն կարծիքին, որ ալյուրի հարստացումը ֆոլաթթվով և երկաթով սխալ քայլ է»:
Ղափանցյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց նաև, որ ներկայումս մասնագետները շունչները պահած սպասում են նախարարության կողմից աշնանն իրականացվելիք ուսումնասիրության արդյունքներին, սակայն այստեղ ևս կախման կետեր կան:
«Այստեղ ինչու՞ մնացին կախման կետեր, որովհետև այդ ուսումնասիրության արդյունքներից շատ-շատ բաներ պարզ կլինեն և մենք կկարողանանք ամփոփել այդ ամենը»,- ասում է Դոլորես Ղափանցյանը:
Տիկին Ղափանցյանի խոսքով մասնագետները դեռ պետք է ուսումնասիրեն նաև նախարության կողմից ներկայացված ուսումնասիրությունների հավաստիությունը: Այդ ժամանակ արդեն մասնագետները բավականին ասելիք կունենան, իսկ այդ մասին հիմա խոսելը նրա կարծիքով դեռևս վաղ է:
«Պետք է մի քիչ համբերել, սպասել արդյունքներին»,- ասում է կենսաբան-կենսաքիմիկոսը:
Այնումենայնիվ ինքը լավատե՞ս է արդյոք, որ ալյուրը երկաթով և ֆոլաթթվով հարստացնելու մասին որոշումը չի ընդունվի և գիտնականներին կհաջողվի հակառակը համոզել հարցին, տիկին Ղափանցյանը պատասխանեց.
«Միանշանակ լավատես եմ, որովհետև հանրության մեջ աշխատող գիտնականները, որոնք խորությամբ տիրապետում են այս հարցին, բավականին ակտիվորեն մասնակցում են տարբեր քննարկումների: Նրանց միջոցով և մեր ջանքերով կկարողանանք կասեցնել այս որոշման ընդունումը»,- ասում է Դոլորես Ղափանցյանը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ