ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ՈՒ ԴԱՎԱԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ»
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ՈՒ ԴԱՎԱԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ»
Նոր Սահմանադրության նախագծի որոշ ընդդիմախոսները միաբերան պնդում են, որ այս նախագծով վտանգված է մեր արժեահամակարգը: Վտանգված են մեր ընտանիքը, երեխաները, ազգային անվտանգությունը, քանի որ կրոնական կազմակերպություններին տրված է լայն հնարավորություն, երկու անգամ շեշտվել է այլընտրանքային զինվորական ծառայությունը: «Իրավունք»-ը «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանից պարզեց` ընդունում է այս մտահոգությունները: «Բայց ինչպե՞ս են դա հիմնավորում: Ճիշտն ասած` մտահոգիչ դրույթներ եթե լինեին դրանք, ապա կարձագանքեի: Կամ ուշադիր չեմ եղել, կամ դրանք մտահոգիչ չեմ համարել, եւ այդ բանաձեւումներն ինձ համար աներկբա հասկանալի են»,- ասաց Հարությունյանը:
- Այլընտրանքային զինվորական ծառայությունը երկու անգամ է շեշտադրվում նոր սահմանադրության նախագծում: Ինչո՞ւ, եթե դա մեր ազգային անվտանգությանը սպառնալիք է:
- Ես չեմ կարծում, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում նստած` ամեն ինչ անում են, որ մեր ազգային անվտանգությունը խոցելի լինի: Դուք առաջնորդվում ենք այն կանխավարկածով, որ այնտեղ նստած են դավադիրներ, որոնք անում են ամեն ինչ` երկիրը վատացնելու համար: Եթե երկու անգամ է շեշտադրվում այլընտրանքային զինվորական ծառայությունը, կփորձեմ հասկանալ` գուցե էստեղ տրամաբանություն կա: Բայց երբեք չեմ մտածի, որ այնտեղ նստած են դավաճաններ, որոնք փորձում են մեր երկիրը տանել վատացման:
- Նոր սահմանադրության նախագծում կրոնական կազմակերպություններին տրված մի փոքր լայն ինքնավարություն: Դա եւս մտահոգիչ չե՞ք համարում:
- Եվրոպական մեր համայնքին մերձենալու եւ եվրոպական արժեքներին համահունչ դարձնելու համար է դա արված:
- Այսինքն` պարտադրա՞նք է մեզ:
- Պարտադրանք չեմ տեսնում: Լսե՛ք, այս սահմանադրությունն ինչպես էլ ընդունենք, ո՛չ վենետիկի հանձնաժողովը, ո՛չ Եվրոպայի խորհուրդը, չի կարող ասել` ինչու դա արեցիք: Նրանք կարող են կարծիք հայտնել, բայց չեն կարող մեզ պարտադրել:
- Քաղաքագետներից մեկը երեկ հայտարարեց, որ նոր սահմանադրությունը մեր իշխանությանը պարտադրված է ԵՄ-ի կողմից, քանի որ որոշ շրջանակներ սիլի-բիլի են անում ԵՄ-ի հետ:
- Ոչ, սա մեր անհասկանալի ընդդիմության քաղաքական նախաձեռնությունների ուղղակի տրամաբանական շարունակությունն է:
- Խոսքը ընդդիմությանը չի վերաբերում, այլ հանրային որոշ շրջանակների:
-Ես կարո՞ղ եմ չհամաձայնել իրենց հետ:
- Այո, դա Ձեր իրավունքն է:
- Ես համաձայն չեմ նրանց հետ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ