Եվրաասոցացված Վրաստանում զբաղվածությունն ապահովվում է արտագնա աշխատանքով դեպի Ռուսաստան
ԵՎՐԱԱՍՈՑԱՑՎԱԾ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՎՈՒՄ Է ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ
«Իրավունքն» ամռան ընթացքում լինելով նաեւ Ջավախքում` առիթ ունեցավ զրուցելու հայաբնակ Նինոծմինդայի վարչակազմի վարչության նախագահ ԳԱԳԻԿ ԿԱՐՍԼՅԱՆԻ հետ, ում կարծիքով տեղի հայությունն իր շնորհքով ու հնարավորություններով կարողանում է վաստակել հանապազօրյա հացը.
– Նինոծմինդայում հիմնականում առեւտուրն է զարգացած, բացի այդ, աշխատատեղեր կան շինարարության ոլորտում` ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորում: Բայց գործազրկության չափանիշը համեմատաբար ցածր կարելի է համարել այն առումով, որ մեզ մոտ, ինչպես եւ Հայաստանում, հիմնական աշխատող ուժը գնում է դեպի Ռուսաստան` արտագնա աշխատանքի:
– Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին արդյո՞ք եվրաասոցացված Վրաստանի համար դուռ բացեց դեպի Ռուսաստան:
– Մեզ ոչ մի բան էլ չէր խանգարում, մեզ համար բոլոր դռներն էլ բաց են` ե՛ւ Եվրամիությունում, ե՛ւ Ռուսաստանում: Չեմ կարող ասել, թե այս անդամակցումները որեւէ խնդիր առաջացրեցին:
– Հետաքրքիր է, թե այստեղ ինչպիսի՞ պայմաններ կան գործարարների համար:
– Կարող եմ նշել, որ Վրաստանի Հանրապետությունում գործարարների համար պայմաններն անսահմանափակ են: Ցանկացած գործարար կարող է միջոցներ ներդնել Վրաստանում: Այդ տեսակետից շատ լոյալ քաղաքականություն կա այստեղ, եւ ոչ մեկի համար այն բացառություն չէ:
– Կա՞ն Հայաստանից ներդրողներ:
– Կոնկրետ Նինոծմինդայում` ոչ, բայց այստեղ ունենք վրացի 10-15 ներդրող:
– Օրինակ` մասնավորապես, ի՞նչ հնարավորություններ են ներդրողների համար:
– Իսկ ի՞նչ կարող են առաջարկել, այսպես պետք է դնել հարցը: Օրինակ, Նինոծմինդայի տարածաշրջանում ունենք տեղում արտադրվող լավ կարտոֆիլ, որը հանրահայտ է ողջ Վրաստանում: Ունենք նաեւ լավ պանիր, կաթնամթերք, տարբեր տեսակի հանքային հանածոներ:
– Հարկային արտոնությունների մասին ի՞նչ կասեք:
– Հարկային արտոնությունների վերաբերյալ պետք է մասնագետներից հարցնեք, բայց ասեմ, որ ձեռներեցությունը Վրաստանում զարգանում է եւ շատ պարզեցված է: Մեկ-երկու օրվա ընթացքում ձեռներեցը կարող է իր աշխատանքային գործունեությունը սկսել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ