Իրանի կապի նախարար. Թեհրանը պատրաստ է գազ արտահանել Եվրոպա Ադրբեջանի տարածքով
Իրանը համագործակցելու է Ադրբեջանի հետ՝Հարավային գազային միջանցքով դեպի Եվրոպա գազ արտահանելու հարցում: Այդ մասին Trend-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, ադրբեջանա-իրանական տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաեզին:
Նա նշել է, որ ասիական շուկաներից բացի Իրանը նախատեսում է գազ արտահանել եվրոպական շուկա:
«Իրանական գազի դեպի Եվրոպա ճանապարհներից մեկը՝Ադրբեջանով գազի տեղափոխությունն է: Կարծում եմ, մենք կկարողանանք համագործակցել Ադրբեջանի հետ Հարավային գազային միջանցքի օգտագործման հետ կապված: Այդ առումով մենք բանակցություններ ենք անցկացրել Ադրբեջանի էներգետիկայի նախարարի և համապատասխան կառույցների հետ:Երկու երկրների պաշտոնական անձինք անընդհատ բանակցություններ են վարում գազի շուրջ և դրանք շարունակվելու են»,-նշել է նախարարը:
Նրա խոսքով, Ադրբեջանի ու Իրանի միջև նավթի ու գազի ոլորտում կապերը գտնվում են շատ լավ մակարդակի վրա:
«Ես կարծում եմ, որ կողմերը միմյանց կարիքն ունեն: Այս պահի դրությամբ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն գազ է մատակարարում Իրանի հետ սվոփ-գործողությունների արդյունքում: Մյուս կողմից, որոշակի ժամանակաշրջանում Ադրբեջանում մեծանում է գազի պահանջարկը և մենք կարող ենք այն բավարարել: Իր հերթին, որոշակի շրջաններում Իրանն է զգում գազի կարիք, որը կարող է բավարարել Ադրբեջանը»,-հավելել է Վազեզին: